Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ տեղի կունենա պիկետ` Ալիևին պատժելու պահանջով

Այսօր` հոկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունենա պիկետ` Ալիևին պատժելու պահանջով։ Այն կազմակերպում է ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը։

«Մենք միավորվում ենք՝ պահանջելու պատիժ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի եւ նրա հանցակիցների նկատմամբ վերջիններիս կողմից շարունակվող ցեղասպանական քաղաքականության համար, որն արմատապես կապված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ: 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքի արգելափակումը, 2023 թվականի հուլիսի 15-ից Արցախի ամբողջական շրջափակումը, սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած զինված ագրեսիան, ինչպես նաեւ դրան հաջորդած Արցախի օկուպացիան և հայաթափումը բռնի ուժի սպառնալիքի ներքո և ամբողջ ընթացքում խաղաղ բնակիչների առևանգումները, պատանդառությունները, հոգեբանական ահաբեկչությունները, բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմանների արհեստական ստեղծումը բացահայտում են մարդկության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների շղթան, որի միջազգային իրավական եզրույթը կոչվում է «ցեղասպանություն»։

Տվյալ պարագայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, իր հովանավորներն ու հանցակիցները հայ ժողովրդի նկատմամբ վարում են ցեղասպան քաղաքականություն։ Հետևաբար մեր բողոքի միջոցառումը ուղերձ է հղում Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու անդամ երկրներին դիմել կոնկրետ քայլերի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները աննկատ չթողնելու, չարդարացնելու եւ պատժելու նպատակներով։ Մենք պահանջում ենք արդարություն զոհերի համար և պատիժ ալիևյան ռեժիմի, նրա հովանավորների և հանցակիցների գործած քրեորեն պատժելի մեղքերի համար։ Ցեղասպանությունը արյունով կամրջում է անցյալն ու ներկան՝ հիշեցնելով մեզ, որ մարդկությունը ուշացնում է շրջադարձ կատարել՝ դատապարտելով և պատժելով ցեղասպաններին։

Աշխարհի յուրաքանչյուր անկյուն, այդ թվում՝ Արցախը, պետք է զերծ լինի ցեղասպանության սարսափներից: Մենք հաղորդում ենք աշխարհին՝ եկեք միասին բեկենք պատմության այս մահաբեր ընթացքը։ «Այլևս երբեք»-ը պետք է դառնա «հիմա և այսուհետ»՝ պատիժ Ալիևին, Ազատություն եւ Խաղաղություն հայերին», -ասված է հաղորդագրության մեջ։