Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1:2. խաղը մեկնաբանում են գլխավոր մարզիչները

Ֆուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին» և պարտվեց 1:2 հաշվով: Հանդիպումից հետո թիմերի մարզիչներն այսպես մեկնաբանեցին արդյունքը:

Դմիտրի Գունկո («Ուրարտուի» գլխավոր մարզիչ). «Բարդ խաղ էր: Բավական լուրջ պատրաստվել էինք դրան: Մեզ հաջողվեց չեզոքացնել «Արարատ-Արմենիայի» հարձակվողական գործողությունները, բայց միևնույն ժամանակ կենտրոնական հատվածում տարածքներ տվեցինք մրցակցին և շատ հարվածներ ստացանք: Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք մրցակիցներին և փորձում գտնել նրա թույլ կողմերը: Այս անգամ խաղը կազմակերպել էինք մեր երկու արագ հարձակվողների շուրջ: Արդյունքում այն աշխատեց. Թարախչյանը եզրից փոխանցում կատարեց, իսկ Պրուդնիկովը եզրափակեց այն»:

Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ). «Մրցակիցն այսօր օգտագործեց իրեն ընձեռնված երկու պահերը, համենայնդեպս ես ուրիշ վտանգավոր պահեր չեմ հիշում: Իսկ մենք չօգտագործեցինք մեր բազմաթիվ պահերը, մանավանդ առաջին խաղակեսում: Ընդհանուր առմամբ մեր թիմն ավելի լավ տեսք ուներ, բայց հաղթելու համար պետք է գոլ խփել: Մենք փորձում էինք խաղալ երկու հարձակվողներով, եզրափային փոխանցումներով, բայց թիմը դեռ լիարժեք պատրաստ չի նման խաղաոճին: Պետք է ավելի շատ աշխատենք այդ ուղղությամբ»:

Նշենք, որ «Ուրարտուն» այդ հաղթանակից հետո վաստակեց 23 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ մեկ միավորով առաջ անցնելով հենց «Արարատ-Արմենիայից»: Նրանց հետապնդող «Ալաշկերտը» վաղը կհյուրընկալի «Վեսթ Արմենիային», իսկ մրցաշարի առաջատար «Փյունիկը» կհանդիպի «Արարատի» հետ: