Հայկ Մարտիրոսյանը 61 տեղով առաջադիմել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները։ Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:
Ամենաբարձր հորիզոնականն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը մեկ ամսվա մեջ առաջադիմել է 61 աստիճանով և 101-րդ տեղից բարձրացել 40-րդ հորիզոնական: Նա ունի 2696 միավոր: Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը կայծակնային շախմատի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը:
Մեր հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը ընթանում է 92-րդ (2650), իսկ Կարեն Գրիգորյանը` 99-րդ (2643) հորիզոնականում:
Առաջատարը նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն է՝ 2839 միավոր: ԱՄՆ-ն ներկայացնող Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը նահանջել է 9 հորիզոնականով և այժմ գտնվում է 15-րդ տեղում:
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Էլինա Դանիելյանը 2416 միավորով 44-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 60-րդը (2389), իսկ Աննա Սարգսյանը՝ 82-րդը (2364)։