Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտյան (1)
A A
Պաշտոնական

Ա. Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել․ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան․ ՔԿ

Ավարտվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Աշոտյանը, 2014թ. ապրիլից զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, իսկ 2015թ. ապրիլից հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտոնավարման ընթացքում կատարել է պետության և հիմնադրամի շահերին հակասող գործողություններ՝ կազմակերպելով առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ և փողերի լվացում, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձին՝ չարաշահելու իր պաշտոնեական դիրքը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. մայիսին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մ.Սիմոնյանը, իսկ հունիսին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մ.Նարիմանյանը, որից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 1-ին համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտորի նոր բացված հաստիքին նշանակվել է Կ. Հարությունյանը:

Այնուհետև, Ա.Աշոտյանը Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանին դրդել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել, այն է՝ առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ի.Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 36.994.000 ՀՀ դրամով: Ընդ որում՝ նշված բնակարանները որևէ կերպ անհրաժեշտ չեն եղել և հետագայում՝ մինչև 2018թ., որևէ կերպ չեն օգտագործվել Համալսարանի կողմից, շարունակել են մնալ նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում և օգտագործվել նրանց կողմից, իսկ Համալսարանը վճարել է այդ բնակարանների սպասարկման վճարները՝ յուրաքանչյուր ամիս 53.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Դրա հետևանքով անզգուշությամբ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին:

Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ մեկ այլ արհեստակցական կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գումարի վատնման՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը դարձնելու եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ,

Մ.Նարիմանյանը նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով, Ա.Աշոտյանի հանձնարարությամբ, «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ, իսկ Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին Մ.Նարիմանյանը հանձնարարել է կատարել համապատասխան փոխանցումները:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը, ինչպես նաև՝ կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ չնշելով դրա չափը:

Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը, որը պատկանում էր մեկ այլ արհեստակցական կազմակերպության:

Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ դնելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մ.Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագիր, որոնցով կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում ձեռք է բերել 4 տարբեր մակերեսներով բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 86.192.000 ՀՀ դրամով, ինչպես նաև պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային ընդհանուր օգտագործման տարածք՝ որպես սպորտային դահլիճ՝ շուկայականից էականորեն բարձր գնով՝ 99.414.000 ՀՀ դրամով: Նշված բնակարանները և նկուղային տարածքը ևս մինչև 2018 թվականը որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Համալսարանի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում, իսկ Համալսարանը վճարել է դրանց սպասարկման գումարը՝ յուրաքանչյուր ամիս 173.000-ական ՀՀ դրամ:

Հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է դարձել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Ա.Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:

Բացի այդ, Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանը գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունը։ Մասնավորապես՝ պարտավոր լինելով կազմակերպել և հետևել Հիմնադրամի աշխատողներին տրվող լրացուցիչ աշխատավարձի՝ հավելավճարի, լրավճարի և պարգևավճարների վճարումը օրենքով սահմանված կարգով իրականացնելուն, դրանց վճարումը կատարել է օրենքի պահանջների խախտմամբ։ Արդյունքում 2015-2018թթ. ընթացքում ընդհանուր վճարված 1244951068 ՀՀ դրամի չափով լրացուցիչ աշխատավարձից, Համալսարանի թվով 20 աշխատակիցներին անհիմն, օրենքի պահանջների խախտմամբ, վճարվել է 788.525.195 ՀՀ դրամ:

Բացի այդ, Մ.Նարիմանյանը, հանդիսանալով Համալսարանի ռեկտորը, «Հերացի» արհեստակցական կազմակերպության մասնակիցների աշխատավարձերի 0,5-ական տոկոսներից

բացի, ավել գումարներ փոխանցելու և այդ կազմակերպությանը դարձնելու միջոցով հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին, որպեսզի վերջինս, որպես նպատակ անդամակցության վճար նշելով, ինչպես նաև Մ.Սիմոնյանի կողմից իրեն հասցեագրված, տարբեր պատրվակներով գումարներ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ զեկուցագրերը հիմք ընդունելով, առանց պատշաճ փաստաթղթավորման և օրինական հիմքերի, 2015թ. հունիս ամսից մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր 78.011.311 ՀՀ դրամ ավել գումար փոխանցի «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը։ Դրա արդյունքում Մ.Նարիմանյանը, մեկ ուրիշինը դարձնելու եղանակով, Լ.Պարսեղյանի և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Այնուհետև, վերը նշված՝ հափշտակված 78.011.311 ՀՀ դրամ գումարից կեղծ գործարքների միջոցով փողերի լվացում կատարելու և 16.800.000 ՀՀ դրամի փոխակերպումն իրականացնելու նպատակով, Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Հարությունյանի կազմակերպմամբ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Սիմոնյանը և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դավթյանը, իբր Համալսարանի թվով 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ ձևական պայմանագրի կնքմամբ, կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը։ Արդյունքում Ռ.Դավթյանը կանխիկացրել է այդ գումարները և տվել Կ.Հարությունյանին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Մ.Նարիմանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը:

Մ.Սիմոնյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով, գրավով և պաշտոնավարության կասեցմամբ:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Համալսարանի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին և ՍՊԸ տնօրեն Ռ.Դավթյանին։

Նախաքննությունն ավարտվել, և նշված անձանց մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե