«Արարատ-Արմենիան» ընդհատեց «Ալաշկերտի» հաղթարշավը, իսկ «Փյունիկը» շարունակեց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ալաշկերտին»:
Մրցաշարի առաջատար «Փյունիկին» հետապնդող թիմերի հանդիպումը վստահ սկսեցին դաշտի տերերը, որոնք շատ արագ բացեցին հաշիվը, ապա կրկնապատկեցին այն: Երկրորդ խաղակեսում հյուրերը փորձեցին տիրել նախաձեռնությանը և վերադարձնել կորցրածը, սակայն 47-րդ րոպեին «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանն ոչ սպորտային պահվածքի համար հեռացվեց խաղադաշտից:
Մնալով 10 ֆուտբոլիստով, ալաշկերտցիները, այնուամենայնիվ, ակտիվ խաղ էին ցուցադրում և փորձում բեկում մտցնել: Սակայն, դա նրանց չհաջողվեց, քանի որ տանտերերը կազմակերպված պաշտպանվում էին և դիպում սուր հակագրոհների:
Խաղի վերջին րոպեին «Արարատ-Արմենիան» արդեն 11մ հարվածի իրավունք ստացավ և եռապատկեց հաշիվը: Սակայն, հյուրերի հաջորդ իսկ գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Գրանցվեց 3:1 արդյունք:
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր և հավասարվեց հենց «Ալաշկերտին»: Վերջինն առաջին պարտությունը կրեց 6 անընդմեջ հաղթանակից հետո:
Մրցաշարի առաջատար «Փյունիկը» սեփական դաշտում 1:0 հաշվով առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ, տոնեց 6-րդ անընդմեջ հաղթանակը: Փյունիկցիները վաստակեցին 23 միավոր և առաջ պոկվեցին իրենց հետապնդողներից:
Վաղը տեղի կունենա առաջին շրջանի վերջին հանդիպումը: «Վեսթ Արմենիան» կհանդիպի «Նոայի» հետ: