Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է»

Սպորտ
03a182ded6bfc46be4331ff56d552e22

Հայաստանի բաձրագույն խմբի մասնակից Երեւանի «Արարատի» բելառուս դարպասապահ Ալեքսանդր Պետուխովը այլեւս չի ցանկանում հանդես գալ թիմում եւ ակումբից պահանջում է ազատ կարգավիճակ տալ իրեն:

«Արարատի» փոխնախագահ եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը այդ առիթով «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ Ալեքսանդր Պետուխովը դեռեւս հանդիսանում է «Արարատի» խաղացողը:

«Նա արդեն մի քանի օր է մարզումներին չի ներկայանում, բայց միաժամանակ որոշ թերթերի միջոցով հայտարարում է, որ ինքը հեռացված է թիմից: Մենք պատրաստվում ենք առաջիկա օրերին ժողով հրավիրել եւ քննարկել այդ հարցը: Համենայնդեպս, ակումբի ղեկավարությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանն այդ կապակցությամբ ասաց, որ ոչ ֆուտբոլիստը, եւ ոչ էլ ակումբը իրավունք չունեն միակողմանի չեղյալ համարել գործող պայմանագիրը.

«Ֆուտբոլիստը եթե խնդիրներ է ունենում իր ակումբի հետ, ապա իր շահերը պետք է հենց ինքը պաշտպանի: Ինչպես ասում է ռուսական ասացվածքը, «Խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է»:

Սակայն Ռոբերտ Դալլաքյանը չի բացառում, որ ակումբը կարող է մտածված «խեղդի» իր խաղացողին: Այս դեպքում նա խաղացողներին խորհուրդ է տալիս դիմել միմիայն ՀՖՖ-ի օգնությանը:

«Ակումբի հետ խնդիրներ կամ տարաձայնություններ ունեցող ֆուտբոլիստը եթե ցանկանում է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ, ապա պետք է անպայման դիմի ՀՖՖ-ին, որովհետեւ առանց պաշտոնական դիմումի կամ նամակի առկայության ֆեդերացիան իրավասու չէ զբաղվել այդ հարցով»,-ասաց նա:

Ռոբերտ Դալլաքյանը գտնում է, որ եթե «Արարատն» ու բելառուսցի դարպասապահ Ալեքսանդր Պետուխովը ընդհանուր լեզու չգտնեն եւ երկկողմանի չեղյալ չհամարեն պայմանագիրը, ապա հարցի լուծման համար բավական երկար ժամանակ կպահանջվի: