Դարպասապահը գոլ է խփում, Մխիթարյանը խաղում է, իսկ Զախարյանը՝ ոչ. չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինԿայացան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումները:
Ամենամեծ անակնկալը մատուցել է ավստրիական «Զալցբուրգը», որը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: Ըստ բուքմեյքերների, պորտուգալական թիմի հաղթելու շանսերը 4 անգամ բարձր են եղել ավստրիականից:
Ընդհանուր առմամբ այս տուրում բոլորից հաջող հանդես են եկել Իսպանիայի ակումբները, որոնք տարել են 2 հաղթանակ («Բարսելոնա» - «Անտվերպեն»՝ 5:0, «Ռեալ» - «Ունիոն»՝ 1:0), իսկ երեք խաղ ավարտել ոչ-ոքի: Ի դեպ, Մադրիդի «Աթլետիկոն» Հռոմի «Լացիոյի» հետ խաղում հաղթանակը ձեռքից բաց է թողել վերջին րոպեին, մրցակցի դարպասապահի խփած գոլից հետո՝ 1:1:
Իտալական թիմերը մեկնարկում տոնել են ընդամենը մեկ հաղթանակ («Բրագա» - «Նապոլի»՝ 1:2), իսկ մնացած երեքը բավարարվել են ոչ-ոքիով: Դրանց թվում է նաև Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է իսպանական «Ռեալ-Սոսիեդադի» հետ արտագնա խաղին, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Նա ստացել է դեղին քարտ, բացի այդ 70-րդ րոպեին փոխարինվել է: «Ռեալ-Սոսիեդադում» խաղացող ռուսաստանահայ Արսեն Զախարյանը մնացել է պահեստայինների նստարանին:
Անգլիայի թիմերը երկու հաղթանակ են տոնել սեփական դաշտում («Մանչեսթեր Սիթի» - «Ցրվենա զվեզդա»՝ 3:1, «Արսենալ» - ՊՍՎ՝ 4:0), իսկ հյուրընկալվելիս մեկ խաղում պարտվել են («Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:3), մեկն ավարտել ոչ-ոքի («Միլան» - «Նյուքասլ»՝ 1:1):
Գերմանական ակումբները նույնպես երկու հաղթանակ են տարել («Բավարիա» + «Յանգ Բոյզ» - «Լայպցիգ»՝ 1:3), սակայն կրել են նույնքան պարտություն («Ունիոն» + «ՊՍԺ» - «Բորուսիա», Դորտմունդ՝ 2:0):
Բոլորից անհաջող հանդես են եկել Պորտուգալիայի ակումբները, որոնք երեք խաղում կրել են երկու պարտություն և տարել ընդամենը մեկ հաղթանակ («Շախտյոր» - «Պորտո»՝ 1:3):
Եթե հաշվի առնենք առաջատար հինգ երկրների թիմերի հարաբերությունները, ապա կստանանք այսպիսի արդյունքներ. Իսպանիա – Իտալիա՝ 2:2, Իսպանիա – Ֆրանսիա՝ 1:1, Իսպանիա – Գերմանիա՝ 1:0, Իտալիա – Անգլիա՝ 1:1, Գերմանիա - Անգլիա՝ 4:3, Ֆրանսիա – Գերմանիա՝ 2:0:
Երկրորդ տուրի խաղերը կկայանան հոկտեմբերի 3-ին և 4-ին: Միլանի «Ինտերը» սեփական դաշտում կընդունի «Բենֆիկային»: