Խնդիրը մարդկանց հետ խոսելն է, այլ ոչ թե նրանց վրա կրակելը․ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԼՂ հայերի ճակատագրին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը սոցցանցի X հարթակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության հետագա ճակատագրին՝ վկայակոչելով «Ռոյթերսին» տված իր հարցազրույցը։
Հովհաննիսյանն իր հարցազրույցում Ադրբեջանի հայտարարությունն այսպես կոչված հումանիտար միջանցքի մասին համարել է ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանից Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածաբար դուրս գալու հրավեր։
«Հարյուրամյակներ շարունակ տարածաշրջանը բարդ է եղել հայերի համար և շարունակում է այդպիսին մնալ, սակայն ես կարծում եմ՝ հիմնական թեման, որ պետք է քննարկվի Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայերի հիմնարար իրավունքների և անվտանգության պաշտպանության ապահովումն է»,- նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Հովհաննիսյանի կարծիքով՝ ոչ մի բան անհնարին չէ իդեալական աշխարհում, սակայն պատմականորեն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են Լեռնային Ղարաբաղի հայերն ապրել Ադրբեջանի իրավասության ներքո։ Ըստ նրա՝ խնդիրը մարդկանց հետ խոսելն է, այլ ոչ թե նրանց վրա կրակելը։