Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կզարգացվի ավտոսպորտը

Սպորտ
8d27df90362727b8bb4ac924a44a0ac1

Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան եւ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան համատեղ ծրագիր են կազմել, ըստ որի առաջիկա 10 տարիներին հանրապետությունում պետք է զարգացվի այդ մարզաձեւը:

Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդտը, որը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

«Ճիշտ է, 24 ժամում հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ վիճակում է գտնվում ավտոսպորտն այս կամ այն երկրում, սակայն մենք Հայաստանի ավտոսպորտի ֆեդերացիայի հետ երկարամյա ծրագիր ենք մշակել, որը կնպաստի մարզաձեւի զարգացմանը: Ուրախալին այն է, որ այդ ծրագրին հավանություն է տվել Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում հետ երեկ հանդիպել եմ եւ քննարկել ծրագրի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:

Ժան Տոդտը նաեւ նշեց, որ այսուհետ Հայաստանի ամեն տարվա լավագույն երիտասարդ ավտոարշավորդը իրավունք կստանա մասնակցելու միջազգային մրցումներին:

Հայաստանի ավտոսպորտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ Մկրտիչ Փիլթոյանը իր հերթին ասաց, որ ֆեդերացիան սկսել է թարմացնել իր ավտոպարկը, որպեսզի մեր մարզիկները նույնպես կարողանան մասնակցել միջազգային ավտոռալիներին: «Մեր գլխավոր խնդիրն այն է, որ մեր ձեռքի տակ եղած մարզական ավտոմեքենաները տեխնիկապես հնացած են: Այժմ սկսել ենք դրանց սերնդափոխությունը: Մենք երկար տարիներ չէինք կարող մասնակցել միջազգային մրցավազքերին, քանի որ չունեինք նորմալ ավտոմեքենաներ» - պարզաբանեց նախագահը:

Ի դեպ, Ժան Տոդտը հայտնի է նրանով, որ հենց նա է հայտնաբերել Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Նա երկար տարիներ աշխատել է իտալական «Ֆերարի» թիմում` որպես մենեջեր: Ժան Տոդտը նկարահանվել է «Աստերիկսը օլիմպիական խաղերում» հանրահայտ ֆիլմում` կատարելով Կամեոյի դերը: