Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրում։ Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը` շեշտելով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը` ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի երկու որոշումներին համապատասխան: Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն, ի թիվս այլ սկզբունքային հարցերի, ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: Կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի և ապակառուցողական գործելակերպի զսպման հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի իրականացումը։