«Ռեալը» ազատվեց «Բարսելոնայի» անեծքից
Մադրիդի «Ռեալը, հաղթելով Իսպանիայի գավաթի հերթական խաղարկությունում, 18 տարի անց կրկին տիրեց պատվավոր մրցանակին:
Այդ երկրի 110-րդ գավաթային եզրափակիչում արքայական ակումբը հանդիպեց իր ամենաոխերիմ մրցակցի` «Բարսելոնայի» հետ, որին մադրիդցիները չէին կարողացել հաղթել վերջին յոթ խաղերում:
«Ռեալին» այս անգամ էլ չհաջողվեց առավելության հասնել իրեն հատկացված 90 րոպեների ընթացքում` 0:0: Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Վերջինիս 13-րդ րոպեին մադրիդցիների պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գլխի հաշվենկատ հարվածով գրավեց դարպասը եւ վերջապես հաղթանակ պարգեւեց իր թիմին «Բարսելոնայի» հետ խաղում` 1:0:
Այդպիսով, Մադրիդի «Ռեալը» իր պատմության մեջ 18-րդ անգամ տիրեց Իսպանիայի ֆուտբոլի գավաթին, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նվաճեց իր 18-րդ մրցանակը: Ի դեպ, պորտուգալացի մասնագետը 2003 թվականից սկսած ամեն տարի իր թիմերով հաղթանակ է տանում տարբեր ակումբային մրցաշարերում: