Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանքի տարբեր օրացույցներ՝ «Սասնա ծռեր»-ի դեպքում

Հասարակություն
Արայիկ Պապիկյան

«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի եւ Արեգ Կյուրեղյանի պատժի կրման պայմանները փոփոխելու վերաբերյալ դիմումները ՔՀԿ ղեկավարությունը մերժել է:

«Ստացվում է՝ ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ում յուրաքանչյուր դատապարտյալի համար գոյություն ունի առանձին օրացույց։ Օրինակ մեկի դեպքում դա կարող է լինել տարին 365 օր, մեկ այլ անձի դեպքում՝ 420 օր»,-  ասում է փաստաբան, նրանց ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ խմբի անդամներ Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվեցին 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Արմեն Բիլյանը դատապարտվեցին 9 տարի 6 ամսվա, Արեգ Կյուրեղյանը 9 տարվա, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8 տարի 6 ամսվա ազատազրկման։

Գագիկ Եղիազարյանը 2 տարի 12, իսկ Արեգ Կյուրեղյանը՝ 1 տարի 10 ամիս գտնվել են նախնական կալանքի տակ։

«Նրան ասում են նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվի չենք առնում, մեկ տարի տաս ամիս կալանքի ժամկետը չենք հաշվում, մայիսի 28-ից կալանավորվել ես, բայց 2023թ հունիսի 27-ին նոր լրանում է քո երեք տարին։ Ստացվում է՝ Արեգ Կյուրեղյանի եւ Գագիկ Եղիազարյանի դեպքում պատժի կրման մեկ երկրորդը ավելի շուտ է լրանում եւ նրանք կարող են դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, քան մեկ երրորդը»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը։

Իսկ խիստ պայմանները ավելի մեղմով փոխարինելու դեպքում տարվա մեջ ընդամենը երկու տեսակցություն էր ավելանալու։ Նրանք երկուսն էլ ունեն մանկահասակ երեխաներ։ «Այս հնարավարությունից զրկելը խոսում է ռեժիմի վախերի մասին եւ նրանք պատրաստ են օրացույց փոխել, տարվա օրերի քանակ փոխել, ցանկացած բանի պատրաստ են միայն թե Ծռերը գտնվեն անմարդկային կամ վատ պայմաններում»,- եզրափակում է Արայիկ Պապիկյանը :

Առաջիկայում որոշումները կբողոքարկվեն դատական կարգով։