Բացել լրահոսը Փակել լրահոսը
1692730113254
A A
Պաշտոնական

ԼՂ-ում իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի․ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳՆ-ին

Օգոստոսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ։

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործելաոճը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների, կառույցների հասցեական ուղերձներին, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին՝ ներկայիս իրավիճակում հրատապ համարելով Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը: Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից խնդրին հետևողական անդրադարձի և հասցեագրման կարևորությունը: