Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Հասարակություն

Դատարանը չի կարող ոչ իրավաչափ ճանաչել Նիկոլ Փաշինյանի խոսքը

Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց էին ներկայացրել Վարչական դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Դատավոր Ռոբերտ Մաքեյանը մերժել է Արա Զոհրաբյանի և Էրիկ Բեգլարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ խոսքով արտահայտված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն կատարելը արգելելու պահանջների մասին» ներկայացրած հայցադիմումի ընդունումը:

Դատավորը նաեւ նշել է, որ հիմնական պահանջը բովանդակային առումով չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցին և, ըստ էության, դատական քննության առարկա չի կարող դառնալ՝ հաշվի առնելով, որ վարչական մարմինների կողմից իրականացվող գործողություններից վարչարարություն է հանդիսանում միայն այն գործողությունը կամ անգործությունը, որն ինքնին անձանց համար առաջացնում է փաuտական հետևանքներ, ինչը սույն պարագայում առկա չէ: Հետևաբար դատարանի գնահատմամբ վարչական արդարադատության շրջանակներում դատական պաշտպանություն կարող է հայցվել միայն ընդդեմ վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործողության (անգործության), որը վերջինս կատարել է վարչարարություն իրականացնելու կապակցությամբ, այսինքն՝ երբ որպես հանրային իշխանություն կրող սուբյեկտ, անձ-պետություն հարաբերություններում իրականացրել է գործադիր-կարգադրիչ իր գործառույթը: Այլ կերպ ասած՝ «ՀՀ վարչապետի Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը» չունի վարչարարությանը բնորոշ հատկանիշներ առ այն, որ անձ-պետություն հարաբերություններում գործադիր-կարգադրիչ գործառույթի իրացման արդյունք չէ, հետևաբար նաև՝ վարչարարության դրսևորում չէ, ուստի ոչ միայն չի կարող վարչական դատավարության կարգով քննության առարկա լինել, այլև ենթադրյալ «վեճը» դուրս է, առհասարակ, դատական վերահսկողության տիրույթից:

Որոշումը կարող է բողոքարկվել Վարչական վերաքննիչ դատարան