«Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բարսելոնան»
Երեկ հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին երկու մասնակիցները:
Ինչպես եւ սպասվում էր, գլխավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ իսպանական «Բարսելոնան»:
Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Չելսիի» նկատմամբ տարած երկրորդ հաղթանակից 2:1 հետո առաջին հերթին գովասանքի խոսքեր է ասել թիմի վետերան Ռայան Գիգզի հասցեին` նրան անվանելով առանձնահատուկ եւ մարդ, եւ ֆուտբոլիստ: Իսկ ահա լոնդոնցիների գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին իր սաներին խորհուրդ է տվել շտապ մոռանալ այդ պարտությունը եւ կենտրոնանալ գալիք խաղերի վրա: «Մենք արդեն պետք է հաջող հանդես գանք առաջնությունում, քանի որ բոլորս էլ ցանկանում ենք կրկին հանդես գալ չեմպիոնների լիգայում»:
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ, ռումինացի Միրչա Լուչեսկուն «Բարսելոնայից» կրած երկրորդ պարտությունից հետո` 0:1, կես կատակ, կես լուրջ հայտարարել է, որ իրենք մրցակցին կհաղթեին միայն այն դեպքում, եթե թիմի կազմում հանդես գար ... բարսելոնացիների արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Նրա գործընկեր Խոսեպ Գվարդիոլան խաղից հետո ավելի շատ գովել է ոչ թե իր ֆուտբոլիստներին, այլ ... մրցակցին:
«Ես երեք տարի հետեւում եմ «Շախտյորի» ելույթներին, կարելի ասել, այդ թիմի ֆանատն եմ: Այն գնալով ուժեղանում է եւ տարեց-տարի ցույց է տալիս ավելի բարձրակարգ ֆուտբոլ: Ուստի ես չէի ցանկանա հանդիպել «Շախտյորի» հետ գալիք մրցաշրջանում» - ասել է անվանի մասնագետը: