Կոնֆերենցիաների լիգա. Հայաստան – Եվրոպա դիմակայության հաշիվը դարձավ 1:3
Աջակցիր «Ա1+»-ինԿայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի հանդիպումները: Առավել անհաջող հանդես եկան երեք երկրների՝ այդ թվում Հայաստանի ակումբները: Մեր, Լյուքսեմբուրգի և Շվեդիայի երեքական թիմեր զիջեցին իրենց մրցակիցներին և դուրս մնացին հետագա պայքարից:
Երևանի «Ուրարտուն», որը չեմպիոնների լիգայից էր տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա, երկու խաղերում միևնույն 2:3 հաշվով պարտվեց Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»: Հայաստանի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» Երևանում հունական «Արիսի» հետ ոչ-ոքի՝ 1:1 խաղալուց հետո, մրցակցի դաշտում պարտվեց 0:1 հաշվով:
Երևանի «Ալաշկերտն» առաջին խաղում սեփական դաշտում պարտվելով հունգարական «Դեբրեցենին»՝ 0:1, հյուրընկալվելիս կարողացավ հաղթել և հավասարեցնել ընդհանուր հաշիվը՝ 2:2, սակայն ձախողվեց 11մ հարվածաշարում՝ 1:3 (մեր երեք ֆուտբոլիստները չկարողացան իրացնել հարվածները):
Այդպիսով, Հայաստանից պայքարը կշարունակի միայն փոխչեմպիոն «Փյունիկը», որը միևնույն 2:1 հաշվով երկու անգամ հաղթեց շվեդական «Կալմարին»: Որակավորման 3-րդ փուլում փյունիկցիները կրկին կհանդիպեն սկանդինավյան մրցակցի հետ՝ հանձինս նորվեգական «Բոդյո-Գլիմտի»:
Հարկ է նշել, որ չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլերից հետո պայքարից դուրս են մնացել 39 երկրների ներկայացուցիչներ: Չորսական թիմ կորցրել են Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան, երեքական՝ Շվեդիան, Մոլդովան, Հայաստանը, Իռլանդիան, Ֆինլանդիան, Կոսովոն, Բոսնիան և Հերցեգովինան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Վրաստանը, Էստոնիան, Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան: Այս փուլերում առավել հաջող հանդես են եկել Կիպրոսը, Լեհաստանը, Հունաստանը, Նորվեգիան, Բելգիան, Շոտլանդիան, Ավստրիան և Թուրքիան, որոնք առայժմ ոչ մի մասնակից չեն կորցրել: Եվրոպայի առաջատար 5 երկրները՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան, պայքարը կսկսեն միայն փլեյ-օֆֆից:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղերը կկայանան օգոստոսի 10-ին և 17-ին: «Փյունիկն» առաջին խաղը կանցկացնի մրցակցի հարկի տակ: