Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի անվան մրցաշարը

Սպորտ
9379cdfcd2c5ad5f91fccb926e9c97e3

Այսօր Երեւանի մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը։ Դրան մասնակցելու համար Հայաստան են ժամանել 16 երկրների ներկայացուցիչներ:

Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, մեր հանրապետությունն այդ մրցումներում կներկայացնեն 40 բռնցքամարտիկ, այդ թվում ազգային թիմի բոլոր 33 անդամները: Մրցաշարին լավագույնս պատրաստվելու համար մեր ընտրանին ուսումնամարզական հավաքներ անցկացրեց նախ Աբովյանում, ապա Արարատի «Այգ» մարզաբազայում։

Ապրիլի 12, 13 եւ 14-ին կկայանան նախնական փուլի մարտերը: Դրանք կսկսվեն ժամը 12:00-ին եւ 17:00-ին: Ապրիլի 15-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ (սկիզբը` 16:00-ին), իսկ 16-ին` եզրափակիչ մենամարտերը (սկիզբը` 13:00-ին):

Հավելենք, որ մրցաշարի հաղթողը կստանա 5000 ԱՄՆ դոլար պարգեւ, իսկ նրա մարզիչը` 1000 դոլար: 2-րդ տեղը գրաված բռնցքամարտիկը կխրախուսվի 3000, իսկ բրոնզե մեդալակիրները` 1000-ական դոլարով: