Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հակառակ դեպքում ես կխնդրեմ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն այլեւս չարտահայտվեն․Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, անդրադառնալով ընդդիմության բացակայությանը, հորդորել է մասնակցել գոնե նիստի փակ մասին։

Նա նշել է, որ կլինի նաև նիստը փակ ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն, քանի որ ցանկանում է որոշակի տեղեկատվություն տրամադրել հանձնաժողովին՝ աշխատանքների ճիշտ վերլուծության համար։

«Խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, քանի որ հրապարակային հնչեցվող շատ հարցեր ունեն չիմանալու բնույթ, կամ ոչ կոմպետենտության բնույթ կամ քաղաքական ուղղորդված բնույթ՝ դա վերաբերում է և ընդդիմությանը, և իշխանությանը։ Կարծում եմ, որ պետք է ներկա լինեն»,-ասել է նա։

Տոնոյանը նշել է, որ ընդդիմությունից ակնկալում է առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի, քանի որ նրանք երկար ժամանակ է քաղաքական դաշտում են, ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, ու նաև, իր կարծիքով, շարունակելու են իրենց գործունեությունը։

«Կարծում եմ՝ անվտանգության և պաշտպանության կազմակերպման հարցում իմ տրամադրած տեղեկատվությունը հետագա իրենց որոշումների համար կարևոր է։ Հակառակ դեպքում, ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլևս հրապարակային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված»,- ասել է Տոնոյանը։