Հարսանիքը շարքից հանեց Կիմ Կլայստերսին
Թենիսի «Մեծ սաղավարտի» վերջին երկու մրցաշարերի հաղթող, Բելգիայի թենիսիստուհի Կիմ Կլայստերսը բաց կթողնի 2011 թ Ֆրանսիայի բաց առաջնությունը:
Պատճառն այն է, որ նա անցած շաբաթ իր ընկերուհու հարսանիքին վնասել է ոտնաթաթը: Անվանի թենիսիստուհին չնայած ամուսնացած է բասկետբոլիստ Բրայան Լինչի հետ եւ ունի մեկ աղջիկ, սակայն մասնակցել է չամուսնացած աղջիկների համար կազմակերպված արարողությանը եւ փորձել տիրանալ հարսի կողմից նետված ծաղկեփունջին: Ավաղ, նա սայթաքել է եւ ոլորել ոտքը:
Հարկ է նշել, որ Կիմ Կլայստերսը վերջին շաբաթվա ընթացքում լուրջ խնդիրներ է ունեցել նաեւ ուսի եւ ձեռքի դաստակի հատվածներում զգացնել տվող ցավերի պատճառով:
Հիշեցնենք, որ 27-ամյա թենիսիստուհին շատ հաջող է սկսել մրցաշրջան 2011-ը` հաղթելով Ավստրալիայի բաց առաջնությունում: Նա առաջինն է եղել նաեւ ԱՄՆ-ի 2009 եւ 2010 թթ բաց առաջնությունում: