Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» վաղը կհանդիպի «շվեդական» Ռոմարիոյի թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի արծաթե մեդալակիր Երևանի «Փյունիկը» ներկայում գտնվում է Շվեդիայում: Մեր թիմը սկանդինավյան այդ երկրում պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Կալմարի» հետ առաջին հանդիպմանը:

 

Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, թիմը հանգրվանել է անտառապատ շրջանում, որտեղ և անցկացրել է առաջին երկու մարզումները: Այսօր «Փյունիկը» նախախաղային վերջին պարապմունքը կանցկացնի «Կալմար Արենայում», տեղի ժամանակով 18-00-ին: Նշենք, որ մեր թիմը Շվեդիա է մեկնել առանց ռուսաստանցի պաշտպան Կովալենկոյի, քանի որ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը նրան չի տրամադրել շենգենյան վիզա:

 

Շվեդական ակումբը եվրոգավաթների հնաբնակներից է, առաջին անգամ հանդես է եկել 1978 թվականին: Սակայն, վերջին անգամ «Կալմարը» Եվրոպայում խաղացել է 11 տարի առաջ: Հարկ է նշել, որ «Փյունիկի» մրցակիցը 21-րդ դարում միշտ հաղթահարել է առաջին փուլի արգելքը: Ճիշտ է, այդ խաղերում շվեդական թիմի հակառակորդները եղել են ոչ այնքան ուժեղ թիմեր, մասնավորապես՝ էստոնական «Նարվա Տրանսը», որի հետ ընթացիկ մրցաշարում հանդիպել է հենց «Փյունիկը» և հաղթել ընդհանուր 5:0 հաշվով:

 

Ուշագրավն այն է, որ «Կալմարը» հիմնականում համալրված է սկանդինավցի ֆուտբոլիստներով, չհաշված երկու բրազիլացիների և մեկ թուրք խաղացողի: Ի դեպ, բրազիլացիներից մեկի անունը Ռոմարիո է: Դա, ինչ խոսք, տարեց ֆուտբոլասերների մոտ կարթնացնի հաճելի հուշեր կապված աշխարհի 1994թ առաջնության հետ, որը հաղթել է Բրազիլիայի հավաքականը նախկինում հայտնի հարձակվող Ռոմարիոյի ֆանտաստիկ խաղի շնորհիվ: Սակայն, աշխարհի չեմպիոնի ներկայիս անվանակիցն աչքի չի ընկնում արդյունավետությամբ և «Կալմարում» անցկացրած 271 խաղում խփել է ընդամենը 35 գոլ: Չնայած դրան, 37-ամյա ֆուտբոլիստը հանդիպումների քանակով 2-րդն է շվեդական ակումբի պատմության մեջ, իսկ խփած գոլերով՝ 3-րդը:

 

Շվեդիայի ընթացիկ առաջնությունում «Կալմարը» 16 տուրից հետո վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: Վերջին խաղում թիմը 3:1 հաշվով հաղթել է մրցաշարի ետնապահին:

 

Հավելենք, որ Հայաստանի և Շվեդիայի ակումբները նախկինում եվրոպական գավաթներում միմյանց հետ հանդիպել են 8 անգամ: Մերոնք տարել են ընդամենը մեկ հաղթանակ, իսկ 6 խաղում պարտություն են կրել: Վերջին անգամ շվեդական մրցակից բաժին է հասել «Արարատ-Արմենիային», որը 2019-20թթ չեմպիոների լիգայի 1-ին փուլում զիջել է Ստոկհոլմի ԱԻԿ-ին՝ 2:1, 1:3:

 

«Կալմար» - «Փյունիկ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21-00-ին: