Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է. վարչապետը՝ ԵԿՄ 30-ամյակին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

 

Վերջինիս ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԵԿՄ անդամներ:

 

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

 

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Պաշտպանության հարգելի նախարար,

Երկրապահ կամավորականների միության հարգելի նախագահ,

Մեծարգո երկրապահներ,

Պետական այրեր,

Հոգևոր հայրեր,

Հարգելի ներկաներ,

 

Այսօր նշում ենք Երկրապահ կամավորականների միության 30-ամյակը ճգնաժամի պայմաններում՝ աշխարհաքաղաքական ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, աշխարհակարգի փլուզման պայմաններում:

 

Երկրապահ կամավորականների միության 30-ամյակն, իհարկե, առաջին հերթին ձեր անցած ճանապարհն արժևորելու առիթ է, շնորհավորելու մեզ բոլորիս այդ առիթով: Բայց

իրականում երկրապահության պատմությունը և երկրապահի պատմությունը մի փոքր ավելին է: Այն իրականում կապ ունի Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման և պետականակերտման հետ:

 

Թույլ տվեք ասել՝ երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ:

 

Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր:

 

Ես շատ ուրախացա, երբ տեսա, ահա, այս պաստառը, որովհետև Վազգեն Սարգսյանի ժառանգությունից շատ բան կարելի է թվարկել: Այս բոլոր պատերը կարելի է զարդարել Վազգեն Սարգսյանի ժառանգությամբ, բայց շնորհակալ եմ, որ ընտրված է հենց սա, որովհետև խոսքը պետության և պետականության մասին է: Ինչի՞ համար է պայքարել Վազգեն Սարգսյանը, պիտի ասեմ նաև իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը: Իմ համոզմունքն է, որ Վազգեն Սարգսյանը պայքարել է պետության և պետականության համար: Սա շատ կարևոր արձանագրում է:

 

Տեսանյութում հիշատակվեց Անդրանիկ Օզանյանը, խոսվեց նրա ողբերգության մասին: Համոզված եմ՝ բոլորս գիտենք, որ հենց Վազգեն Սարգսյանն է եղել Անդրանիկ Օզանյանի աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նախաձեռնողը: Իսկ ինչո՞ւ էր դա այդքան կարևոր նրա համար: Մի շատ կարևոր պատճառով, որովհետև Վազգեն Սարգսյանը գիտեր, թե որն է Անդրանիկ Օզանյանի ողբերգությունը: Անդրանիկ Օզանյանի ողբերգությունն իրականում ազգային ազատագրական պայքարի զորավարի և պետականության դիսոնանսի մեջ էր: Այո, տեսանյութի մեջ հիշվեց, որ Անդրանիկ Օզանյանն ի վերջո ստիպված եղավ հեռանալ: Ինչո՞ւ ստիպված եղավ հեռանալ, որովհետև ինքը չկարողացավ իր տեղը գտնել պետության և պետականության պայմաններում:

 

Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Օզանյանի աճյունը վերադարձրեց ոչ թե Հայրենիք, այլ վերադարձրեց Պետություն, որովհետև Վազգեն Սարգսյանն ուզում էր ֆիդայինի և պետության հաշտությունը: Եկեք ասենք՝ առանց երկրապահության և երկրապահի մենք անկախություն չէինք ունենա: Բայց երկրապահի արյունով ձեռք բերված անկախության, խաղաղության և պետականության հարաբերություններում, իհարկե, կան խնդիրներ: Մենք, հատկապես, մեղք կգործենք Վազգեն Սարգսյանի և մեր բոլոր ընկած եղբայրների առաջ, եթե դրա մասին չխոսենք:

Վազգեն Սարգսյանը զորավար Անդրանիկի աճյունը բերելով Հայաստանի Հանրապետություն, պետական արարողակարգով նրա հուղարկավորությունը կազմակերպելով անկախության հիմքում ընկած, անկախության համար կյանքը տված նահատակների պանթեոնում՝ այդ հաշտությունն էր ուզում, այդ հաշտությունն էր փնտրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ ներդաշնակությունը: Դա էլ եկեք հասկանանք՝ մոտավորապես 3 մլն մարդ քվեարկել էր անկախության օգտին, բայց Վազգեն Սարգսյանն ստիպված էր փնտրել 500 մահապարտ: Եկեք այս հարաբերակցությունը հասկանանք: 3 մլն «այո» քվեարկած մարդ և 500 մահապարտի անհրաժեշտություն: Եվ սա էլ պետք է հասկանանք:

 

Ես հաճախ եմ մեր քննարկումներում ասում, որ պետությունը հիմնվում է հանուն այդ պետության սեփական կյանքը տալու պատրաստակամության վրա։ Եթե չկա այդպիսի պատրաստակամություն` չի կարող լինել պետություն։ Բայց մյուս կողմից, շատ կարևոր է սրա շարունակությունը, որովհետև պետությունը մի տեղ չէ, որտեղ մարդիկ պետք է մահանան, պետությունը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է ապրեն։ Անկախությունը նրա համար չէ, որ մարդն անընդհատ մահանա այդ անկախության համար, անկախությունը նրա համար է, որ մարդն ապրի, լինի անկախ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, լինի բարեկեցիկ։

 

Ինձ պատիվ է ընձեռվել աշխատել և մտածել այն աշխատասենյակում, ուր սպանվելուց մի քանի ժամ առաջ նստած աշխատելիս է եղել Վազգեն Սարգսյանը։ Եվ ես հիմա պիտի մի բան ասեմ, որ շատ եմ մտածել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել։ Իհարկե, Սասուն Միքայելյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը բացահայտելու մասին։ Դա իրավապահների գործն է, և համոզված եմ, որ ամեն հնարավորը կարվի դրա համար։ Բայց թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։

 

Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։ Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք։

 

Ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Երկրապահ կամավորականների միության 30-ամյակի առիթով։ Բայց ուզում եմ ասել, որ այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի մտածողության մեջ, երբ խոսում եմ Վազգեն Սարգսյանի մասին, միայն իր մասին չեմ խոսում, որովհետև այդ փոփոխությունը բերեց շատ ավելի լայն փոփոխությունների, որովհետև դարակազմիկ մարդու մասին ենք խոսում։ Բայց 1999 թվականին այդ մտածողության փոփոխության ընթացքը կանգ առավ, որովհետև մի անգամ փոխված մտածողությունը նույնքան արդիական չէ 10, 15 տարի հետո, որովհետև

աշխարհը փոխվում է, և մտածողությունն էլ պետք է աշխարհի հետ փոխվի սեփական ակունքներից չկտրվելով։ Ես դա համեմատում եմ հրթիռի թռիչքի հետ։ Երբ հրթիռը պոկվում է երկրից, մի որոշակի բարձրության՝ առաջին աստիճանի վրա նրա շարժիչները պոկվում են, բաց են թողնվում, որովհետև եթե այդ նույն շարժիչները նույն բանաձևով մնան այդ հրթիռի վրա, այն մի կետի վրա կկանգնի և կընկնի։ Այդ առաջին աստիճանի հրթիռները բաց են թողնվում, որպեսզի միանան երկրորդ աստիճանի հրթիռները, որպեսզի ապահովվի առաջընթացը, որպեսզի հաջորդ փուլում արդեն միանան երրորդ աստիճանի հրթիռները, որոնք հրթիռը կհասցնեն նպատակային կետի։ Սա մտածողության փոփոխության հետ եմ զուգահեռ տանում։ Վազգեն Սարգսյանը մեր առաջին աստիճանի հրթիռն էր, բայց որը նույնիսկ այն կետում չթողեց, որովհետև, իհարկե, ժողովրդավարական երկրում ոչ մեկ հավերժ չէր կառավարելու:

 

Եվ շատ կարևոր է, որ մենք այս ընթացքը շարունակենք և այն շարունակում ենք մենք։ Այն մեծամասշտաբ բարեփոխումները, որ տեղի են ունենում բանակում, Զինված ուժերում, դրանք Վազգեն Սարգսյանի անվան բարեփոխումներն են, մենք այդպես չենք անվանում, բայց ես ուզում եմ մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. այսօր Հայաստանի Հանրապետությունում Զինված ուժերում մի մարմին կա, որն անվանակոչված է Վազգեն Սարգսյանի անունով, դա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է։

 

Սա հաջորդ ամենաուժեղ ուղերձն է։ Հայրենասիրությունը, էմոցիան շատ կարևոր են, բայց 21-րդ դարում հայրենասիրությունը կթուլանա առանց գիտելիքի, էմոցիան ինքն իր դեմ կշրջվի առանց գիտելիքի: Մենք պետք է կարողանանք այս ճանապարհը շարունակել և այդ ճանապարհին հիշել այս ուղերձը, որն Անկախության մասին է, որն ինքնիշխանության մասին է, որը Պետության մասին է։ Եվ մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է։ Շնորհավորում եմ բոլորին Երկրապահ կամավորականների միության 30-րդ տարեդարձի առիթով, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

 

Հաջորդիվ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մի խումբ երկրապահների հանձնել է ԵԿՄ 30-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներ: Հետմահու պարգևատրվել են նաև սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանը և միության ակունքներում կանգնած բազմաթիվ երկրապահներ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ 30-ամյակի առթիվ այցելել է նաև Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին: