Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat-73
A A
Սպորտ

«Արարատ-73». արարատցիները Երևանում ջախջախում են իրենց սկզբունքային մրցակցին

«Ա1+»-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Արարատ-73»-ի հոբելյանին նվիրված հերթական նյութը:

 

1973 թվականի հուլիսի 22-ին ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունում է իր սկզբունքային մրցակցին՝ Թբիլիսիի «Դինամոյին»: Նախորդ 8 հանդիպումներում արարատցիները տարել էին 7 հաղթանակ, և միայն թբիլիսցիների հետ խաղում չէին կարողացել գոլ խփել և պարտվել էին 11մ հարվածաշարում:

 

Ինչպես տեղեկացնում է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկի» թղթակից Արսեն Կակոսյանը, դինամոյականները հենց սկզբից ընտրում են պաշտպանողական մարտավարություն և սկսում են անհատական հսկել «Արարատի» հարձակվողներին ու կիսապաշտպաններին: Սակայն, այդ առաջադրանքը նրանք կատարում են մինչև 10-րդ րոպեն, որից հետո հյուրերին այլևս չի հաջողվում փակել տանտերերի հարձակվողներին, հատկապես եզրայիններին՝ Ղազարյանին ու Իշտոյանին: Հեռվից վտանգավոր հարվածներ է հասցնում նաև Զանազանյանը: «Դինամոյի» դարպասապահ Գոգիան անընդհատ խաղի մեջ է: Առաջին խաղակեսում նրան հաջողվում է ետ մղել բոլոր հարվածները: Թբիլիսցիները միաժամանակ երկու սուր հակագրոհ են ձեռնարկում, սակայն «Արարատի» դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը նույնպես իր բարձրության վրա է գտնվում:

 

Երկրորդ կեսը սկսվում է հյուրերի սուր հակագրոհով, սակայն պաշտպան Կանթելաձեի հարվածը շեղ է ստացվում: Իսկ ահա «Արարատի» առաջին իսկ վտանգավոր գրոհն ավարտվում է գոլով: Էդուարդ Մարգարովի հարվածից հետո գնդակը կպնում է պաշտպան Խուրցիլավային, շեղում ուղղությունը և հայտնվում դարպասի անկյունում: Դինամոյականները ցանկանալով վերականգնել հաշվի տարբերությունը, սկսում են բաց ֆուտբոլ խաղալ: Սակայն դա ավելի շատ ձեռք է տալիս արարատցիներին, որոնք սկսում են ավելի ազատ գործել և վտանգավոր պահեր ստեղծել: Արդյունքում, 70-րդ րոպեին Մարգարովի հաշվենկատ փոխանցումից հետո Զանազանյանը հուժկու հարվածով կրկնապատկում է հաշիվը, իսկ երկու րոպե անց Իշտոյանն օգտվելով մրցակցի պաշտպանների խառնաշփոթից, խփում է երրորդ գոլը:

 

Հետագայում դաշտի տերերը դարպասը գրավելու մի քանի ռեալ պահեր են ունենում, սակայն վերջին պահին կամ հապաղում են, կամ շեղ հարվածում: Իսկ ահա հյուրերն այդպես էլ չեն կարողանում նոր պահ ստեղծել Ալյոշա Աբրահամյանի դարպասի մոտ:

 

Այդպիսով, «Արարատը» խոշոր հաշվով հերթական հաղթանակն է տոնում, վաստակում է 24 միավոր և էլ ավելի ամրապնդվում առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող Կիևի «Դինամոն» արդեն ետ է մնում 5 միավորով:

 

Հաջորդ խաղն արարատցիներն անցկացնում են հուլիսի 29-ին: Այդ օրը նրանք Երևանում ընդունում են «Դնեպրին», որը շատերի համար անսպասելի վստահ խաղ է ցուցադրում և շատ չի ետ մնում առաջնության առաջատարներից: