Տվյալ ավտոմեքենան նախարարին չի ուղեկցում․ ՊՆ խոսնակը հերքում է վթարի վերաբերյալ տեղեկատվությունը
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե վթարի է ենթարկվել նախարարին ուղեկցող՝ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին սպասարկող ավտոմեքենան։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է․ «Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում»:
Ավելի վաղ Shamshyan.com. -ը գրել էր, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Մարշալ Բաբաջանյան և Ալմա-Աթայի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի ՊՆ 102 համարանիշի և վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Կայքի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։