«Գազպրոմն» ավելացրել է ալավերդցիների խնդիրները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄ6 – Ալավերդի-Սարահարթ-Ակներ և դեպի Սանահինի վանական համալիր տանող ճանապարհի 9,38 կմ երկարությամբ հատվածում շինարարական աշխատանքների բում է։ Փաստորեն ոչ միայն ճանապարհն է հիմնանորոգվում, այլ նաև զուգահեռաբար իրականացվում են ինչպես ջրատարների, այնպես էլ գազատարների վերանորոգման աշխատանքներ։
Զույգ կամուրջներից մինչև Մարտի 8 թաղամասը հարող շուրջ 320 մետր ճանապարհահատվածում պետք է իրականացվի հին գազատարի փոխարինում նորով։ 140 մետրում արդեն աշխատանքները ավարտվել են, իսկ մնացած հատվածում դեռևս աշխատաքները կշարունակվեն։
Կարեն Փարեմուզյանը
«Կամրջից մինչև Մարտի 8 փողոց մենք ունենք միջին ճնշման գազատար, որը կառուցվել է 1973 թվականին։ Իհարկե հասկանալով, որ նման հողային աշխատանքներ են կատարվում, կարիք առաջացավ, որպեսզի ռիսկերից խուսափենք, և այդ գազատարը վերակառուցվի», – ասում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու ԳԳՄ «Թումանյան» տեղամասի պետ Կարեն Փարեմուզյանը։
Շինաշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհի այս հատվածում երթևեկությունը հաճախակի կաթվածահար է լինում, պարբերաբար առաջացնում վթարային իրավիճակներ։ Վարորդները դժգոհում են՝ աշխատանքները ձգձգվում են։
«Գոնե դզեն ու վրից թեթև շիբին անեն, որ ժողովուրդը նորմալ քշեն։ Չի ըլնում էլի, ապասնի ա։ Մտնում ես ճանապարհի իրանց աջը, նոր քշում։ Էդ էլ վտանգավոր ա», – ասում է Ալավերդու բնակիչ Մարտին Խեչիկյանը։
Գառնիկ Մեջլումյանը
«Անտանելի վիճակ ա։ Ասֆալտի վրա հող ա թափված, տորմուզ ա անում, չի պահում, գռշտելով ավտոն գնում ա։ Էնքան ա պատահել՝ ավտոներն իրար խփելիս են էղել։ Երկու մեքենա չի կարում իրար կողքիվ անցնեն։ Մինչև քանդելը չգիտե՞ն ինչ են անելու, որ տրուբեքը բերեն, կամ ինչ-որ պետք ա, պատրաստեն, հազրեն, նոր սկսեն քանդելը», – ասում է Ալավերդու բնակիչ Գառնիկ Մեջլումյանը։
Թումանյանի տարածքային տեղամասի պետը բացատրում է՝ աշխատանքերի ձգձգման պատճառը նախագծից դուրս առաջացած խոչընդոտներ են։ Բացի այդ, աշխատանքներին խանգարեցին նաև եղանակային անբարենպաստ պայմանները։
«Երբ փորման աշխատանքները սկսվեցին, հայտնաբերվեցին կոմունիկացիաներ, որոնք նախագծում նախատեսված չէին։ Ու դա բերեց բարդություններ, ժամանակ, որոշակի ֆինանսների ավելացում։ Դրա համար աշխատանքը մի քիչ ձգվեց, որի համար մենք ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից», – նշում է գազամատակարարող ընկերության ներկայացուցիչը։
Բնակիչների մի մասն էլ, այնուամենայնիվ, անկախ բոլոր դժվարություներից՝ հաշտ է ստեղծված իրավիճակի հետ, ասելով, որ այսպիսի շինարարական եռուզեռի երկար են սպասել։
«Լավ գործի համար կարելի ա մի քիչ չարչարվել ու սպասել», – նշում է անցորդներից մեկը։
«Դժվար ա, բայց հետո լավը կըլնի», – ասում է վարորդներից մեկը։
Այնուամենայնիվ, Թումանյանի տարածքային տեղամասից մեզ վստահեցնում են՝ անելու են ամեն ինչ, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհի այս հատվածը ամբողջությամբ ավարտեն և հանձնեն շինարարներին։
Հավելենք, որ գազատարի փոփոխման շինաշխատանքի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 11 միլիոն դրամ։
Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում