
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հաջող մրցելույթներ է ունեցել Վրաստանի Գորի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ բռնցքամարտիկներից 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և գրավել առաջին տեղը, ընդ որում Հովհաննիսյանն ու Պողոսյանը եզրափակիչում պարտության են մատնել համապատասխանաբար ադրբեջանցի և թուրք մարզիկներին։
Արծաթե մեդալակիրներ են դարձել 54 կգ քաշային Արման Արզումանյանը, 63,5 կգ քաշային Հարություն Խաչատրյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ Մեր երեք բռնցքամարտիկները` Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ։
Հայաստանի երիտասարդական ընտրանին մոտ օրերս ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում և կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնությանը։