Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Բանակն իսկական տղու տեղ ա»․ Ալավերդիում զորակոչ է (տեսանյութ)

Արմենի զինվորական կյանքը մի քանի օրով ընդհատվել, համընկել  է լավագույն ընկերոջ զորակոչի հետ: Հասցրել է նրան արժեքավոր խորհուրդներ տալ, գոտեպնդող խոսքեր ասել հարազատներին:

«Կմաղթեմ բոլոր մայրերին համբերություն, իրանց էլ մենակ խաղաղ ծառայություն», – ասում է Արմենը։

Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը: Անկախ սահմանային լարվածությունից՝ նորակոչիկների ծնողներն ու հարազատները բարձր տրամադրությամբ ու ոգևորիչ խոսքերով են որդիներին ճանապարհում բանակ: Ալավերդիում վստահ են՝ ծառայությունը տղային ավելի է կոփում:

Արեն Սարգսյանը

«Տրամադրությունը շատ լավ ա, գնում ենք ծառայենք, գանք էլի։ Ու բարձր է, ու մարտական ամենակարևորը, տխուր չենք գնում, ուրախ ենք գնում, որ ծառայությունը հեշտ անցնի», – ասում է Արեն Սարգսյանը։

Ավանդույթը չի խախտվում, ու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հնչում է տերունական աղոթք՝ անփորձանք ծառայության համար:

Հարզատներն ու զինակոչիկները գրկախառնվում, հրաժեշտի խոսքեր են ասում ու պայմանավորվում հանդիպել նույն տեղում՝ երկու տարուց:

Թերևս առաջիկա երկու տարում այս 18 –ամյա տղաներից է կախված մեր խաղաղ կյանքն ու ապագան, իսկ մաղթանքը ներկաների կողմից նույնն է՝ բարի ծառայություն, բարի վերադարձ:

Միքայել քահանա Շաղոյանը

«Դուք գնում եք պաշտպանելու հայոց հայրենիքը, հայրենիքի սահմանները։ Դա իսկապես սրբազան պարտականություն է յուրաքանչյուր տղամարդու համար։ Հիշեք, որ բոլորդ մեկդ մյուսի համար եղբայրներ եք, իրար շատ սիրեք։ Հիշեք, որ թշնամին խրամատի մյուս կողմում է։ Այս երկու տարիներն անցկացրեք այնպես, որ ձեզանով հպարտանան ձեր ծնողները, հպարտանա մեր ողջ հայրենիքը։ Մենք էլ, այն ուրախությամբ, որ ճանապարհում ենք ձեզ հայոց բանակ, նույն ուրախությամբ երկու տարի հետո ձեզ դիմավորենք», – նորակոչիկներին ուղղված իր ելույթում ասաց Ալավերդու հոգևէր առաջնորդ տեր Միքայել քահանա Շաղոյանը։

Արկադի Թամազյանը

«Սիրելի ծնողներ, ձեզ բոլորիդ համբերություն եմ կամենում։ Առողջ և համբերատար եղեք։ Ճիշտ է՝ այս պահին մեր պետականություննն այնքան էլ լավ վիճակում չէ, սակայն այս զինվորների շնորհիվ մենք պետք է փորձենք մեր պետություննն  ու պտականությունը պահել։ Հավատացած եղեք, սիրելիներս, որ ձեր կողքին ենք ցանկացած դեպքում։ Ամենակարևորը՝ անփորձանք ծառայություն։ Դուք պիտի գնաք, որ ձեր եղբայրները վերադառնան։ Երկու տարի հետո նույն հոգով ձեզ ենք սպասելու», – ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։

Մհեր Խեչումյանը

«Ձեր ծառայության ընթացքում առավելագույն ուշադրություն ցուցաբերեք միմյանց նկատմամբ։ Եղեք հոգատար, միասնական, և այդ միասնականությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները։ Աստծո օրհնությամբ ձեզ խաղաղ և անփորձանք ծառայություն եմ մաղթում և բարի վերադարձ հայրենի օջախներ», – ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Մհեր Խեչումյանը։

Զինվորական հագուկապով, հատուկ պատրաստված է տիկին Լաուրան եկել տղաներին ճանապարհելու:

Լաուրա Մնացականյանը

«Ոչ մի ծնող արատասուք չթափի իրա զինվորի համար։ Ես սպասում եմ բոլորին՝ հանդիպման։ Այնքան կապրեմ, որ էն սերունդներին էլ ճանապարհեմ։ Ես չունեմ, բայց բոլորն իմ թոռնիկներն են, սիրում եմ բոլորին», – ասում է Լաուրա Մնացականյանը։

Օձունեցի Վարդան պապը դեպի զինկոմիսարիատ ճանապարհին արժեքավոր խորհուրդներ է տվել թոռանը, ասելիք ունի նաև զինվորականներին:

Վարդան Մակիչյանը

«Ես ուզում եմ, որ մեր բոլոր զինվորականները, կամանդիրները նայեն էս նոր գնացած զինվորականներին, լավ ուղղություն ցույց տան, որ լավ դաստիարակություն վեր ունեն», – ասում է Վարդան Մակիչյանը։

«Կմաղթեմ, որ աշխարհը խաղաղ լինի, բոլորը ծառայեն, գան, հասնեն իրանց ընտանիքներին», – հրաժեշտից առաջ ասաց զորակոչիկներից մեկը։

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում