«Հայաքվե» նախաձեռնությունը հրատապ ասուլիս էր հրավիրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաքվե» նախաձեռնության անդամները հրատապ ասուլիս են հրավիրել։ Նշում են, որ Երևանի որոշ վարչական շրջանի ղեկավարներ տարածքներ չեն տրամադրել «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ դա հանրաքվեի մասին օրենքի իմպերատիվ պահանջ է և իրենց սահմանադրական պարտականությունն է։
Պարոն Չալաբյանի կարծիքով՝ սա նման առաջին դրսևորումը չէ, բայց նա համոզված է, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել դրա դեմ՝ իր սեփական քվեով։ Նրա խոսքով՝ գործող վարչակազմը,այդ ամենը հասկանալով, փորձում է հայերին թույլ չտալ սեփական որոշումը օրենքով իրականացնել։
Նա կարծում է, որ ստորագրահավաքը խոչընդոտելու պատճառը նաև այն է, որ նրանք նույնիսկ վստահ չեն իրենց պատգամավորների քվեարկության հարցում։
Պարոն Չալաբյանը հավելեց, որ մինչև վերջ փորձելու են պայքարել իշխանությունների դեմ օրենքով, բայց իրենց համբերությունն էլ անսպառ չէ։
«Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն էլ իր խոսքում ասաց, որ որոշ վարչական շրջաններից մերժման պատասխաններ են ստացել, որոշները պատասխանել են, որ ազատ տարածքներ չունեն, իսկ մեծ մասը դեռ չի պատասխանել։ Տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ստացել են գրավոր ցուցում, որ 2022 թվականի ավագանու ինչ-որ որոշման հիման վրա չեն կարող տարածք տրամադրել։
Նշեց, որ իրենց նախաձեռնությանը մերժել են Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջանները։
Ստորագրահավաքի անցկացման համար տարածք տրամադրելու հարցում մերժել են նաև Դիլիջան և Սպիտակ համայնքները։
«Այս պահի դրությամբ դրական պատասխաններ ունենք Մասիս, Արարատ, Իջևան, Աշոցք, Ալավերդի, Արմավիր, Մեղրի, Չարենցավան համայնքներից»,– նշեց Պետրոսյանը։
«Հայաքվեի» նախաձեռնության անդամները պատրաստվում են այս հարցով դիմել նաև հանրապետության նախագահին` որպես Սահմանադրության երաշխավորի,ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և մի շարք Եվրոպական կառույցների։