Հանրայինի ամենամեծ տաղավարը վերազինվել և թվայնացվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Հանրային հեռուստաընկերությունում տեղի է ունեցել տեխնիկապես վերազինված և թվայնացված նկարահանման ամենամեծ տաղավարի և սարքասրահի բացման արարողությունը:
Առաջին ալիքի սարքասրահը լիովին վերանորոգվել և հագեցվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնավորապես՝ վերջին սերնդի տեսախցիկներով՝ հագեցված իրենց ողջ լրակազմով, վիդեո և աուդիո վահանակներով, վերջիններիս ամբողջական համակարգով և LED էկրաններով:
«Այս ստուդիայում մի ամբողջ սերունդ է մասնագիտական կրթություն ստացել: Շատ ուրախ եմ, որ այն այսօր թվայնացվել է և տեխնիկապես վերազինվել: Այս միջոցառումը ես կանվանեի նեղ մասնագիտական, քանի որ հեռուստատեսության աշխատակիցների համար նկարահանման մեծ տաղավարի առկայությունը յուրահատուկ նշանակություն ունի»,- բացման արարողության ժամանակ նշել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ այս օրը հանրայինցիների համար չափազանց նշանավոր օր է. «Անկախությունից ի վեր այս ստուդիան թվայնացում և տեխնիկական ամբողջական վերազինում առաջին անգամ է անցնում: Սա շատ կարևոր ձեռքբերում է մեզ համար: Հուսով եմ, որ այս ժամանակակից տեխնիկայով նկարահանված հեռուստաարտադրանքը կծառայի հանրային շահերին, և որակի փոփոխությունը մեր մշտական հեռուստադիտողների համար նկատելի կլինի»:
Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և անձամբ Տիգրան Խաչատրյանին առաջին տաղավարի թվայնացման գործում աջակցության համար. «Սարքասրահի թվայնացման համար ծախսվել է մոտ 700 մլն դրամ, որից 377 մլն դրամը տրամադրել է ՀՀ կառավարությունը՝ 2020թ. շահութաբաժնի գումարի վճարումից ազատելու եղանակով, մնացյալը հատկացվել է Հանրային հեռուստաընկերության բյուջեից»:
Հովհաննես Մովսիսյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել վերազինված սարքասրահի արտադրական հնարավորություններին և հետևել նկարահանման ընթացքին:
Սարքասրահն ապահովված է առանձին սերվերային համակարգով, որը կարգավորում է առկա սարքերի աշխատանքը, իրականացնում է միաժամանակ բոլոր տեսախցիկների տեսագրումն ու արխիվացումը, ինչպես նաև հնարավորություն է տալիս հենց տեսագրման ընթացքում կատարել կոնտենտի մոնտաժային աշխատանքներ: Բոլոր տեխնիկական սարքավորումների սնուցումն ապահովվում է սնուցման անխափան համակարգի միջոցով: Արդիականացված սարքասրահը մինչև 40 աղբյուրից կարող է ազդանշան ստանալ` 16 կառավարվող ելքով: Իսկ ձայնային միքշերային վահանակը 96 մուտքի և 54 կառավարվող ելքի հնարավորություն ունի:
Վերազինման շնորհիվ բարձրացել է այստեղ իրականացվող հեռուստաարտադրության որակը, հեռուստաընկերության տեխնիկական ռեսուրսն օգտագործվում է առավել արդյունավետ: