Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բալետային երեկոներ՝ մայրաքաղաքին (լուսանկարներ)

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մշակութային բացառիկ ու մասշտաբային նախագիծ: Թումոյի այգում ձևավորված բեմում Խաչատրյանի բալետային ստեղծագործություններն են: Առաջինը ներկայացվեց «Գայանե» բալետը: Բեմում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն էին և նվագախումբը:

Նախագիծն առաջինն է ոչ միայն քաղաքի մշակութային կյանքում, այլև տարածաշրջանում: Ծրագրին ներգրավված է ավելի քան 500 մասնակից:

Բալետային երեկոյին շտապած մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչների ու հյուրերի հետ միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանն ու Ստեփան Մաչյանը, ավագանու անդամներ, արվեստի գործիչներ:

«Համերգասրահների պատերից ներս կենդանացող խաչատրյանական ստեղծագործություններն այսօր վայելելու ենք բոլորովին նոր միջավայրում՝ Երևանի՝ մեր տան անկյուններից մեկում: Իր գեղարվեստական նվաճումներից բացի Խաչատրյանը հանդիսանում է Հայաստանի մշակութային դեսպանն աշխարհում։ Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացնելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Հունիսի 7-ին և 8-ին հանդիսատեսը կվայելի «Դիմակահանդես»-ն ու «Սպարտակ»-ը: Միջոցառման սկիզբը` 20:00-ին:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։