Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործը հասավ խորհրդարան

Սպորտ
ec42eb74d447b76b447ee4db9a840fe3

Բուլղարիայի սպորտի նախարար Սվիլեն Նեյկովը հրավիրվել է խորհրդարան, որտեղ նա պետք է բացատրություն տա` փետրվարի 9-ին տեղի ունեցած Էստոնիա - Բուլղարիա ֆուտբոլային խաղի շուրջ առաջացած սկանդալի հետ կապված:

Բանն այն է, որ գերմանական «Շտեռն» ամսագիրը լուր է հրապարակել, ըստ որի Բուլղարիայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիաները 40-80 հազար եվրո գումարներ են ստացել Անթալիայում կազմակերպած ընկերական խաղերի համար, որոնք, իբր, պայմանավորված բնույթ են կրել: Հիշեցնենք, որ այդ երկրների հավաքականների միջեւ կայացած խաղերում գրանցված բոլոր 7 գոլերը խփվել էին 11 մ հարվածներով:

Բուլղարացի պատգամավոր Միխայիլ Միխայլովը, ում նախաձեռնությամբ էլ խորհրդարանում բարձրացվել է այդ հարցը, հայտարարել է, որ այդ խաղի պատճառով Բուլղարիան հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում, ուստի պետք է լուրջ հետաքննություն անցկացնել եւ մեղավորներ հայտնաբերելու դեպքում հարկավոր է նրանց քրեական պատասխանատվության ենթարկել:

Միակ խնդիրն այն է, որ տեղի դատախազությունը չի կարող զբաղվել այդ գործով, քանի որ հանդիպումը կայացել է Թուրքիայում, իսկ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս հետաքննություն վարել մեկ այլ երկրի տարածքում: