
Հունիսմեկյան նվեր. ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ հրավերով 850 երեխա այցելել է «Երևան պարկ» զբոսայգի
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի 10 վարչական շրջանի շուրջ 850 դպրոցական Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կողմից հրավիրվել էին «Երևան պարկ» զբոսայգի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։
«Ատրակցիոններ, խաղեր, նկարչություն, հյուրասիրություն. դպրոցականները մեկ օր անցկացրել են հեքիաթային միջավայրում:
Երեխաներն ընտրվել են Երևանի 10 վարչական շրջանների շուրջ 30 դպրոցներից` բոլորը 4-րդ դասարանցի:
Ընտրությունն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը` այն դպրոցներից, որտեղ կա ընդամենը մեկ 4-րդ դասարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ զբոսայգում երեխաները հնարավորություն են ունեցել օգտվել բոլոր ատրակցիոններից և իրենց համար նախատեսված հյուրասիրությունից:
Նշվում է, որ երեխաներին նվերը մատուցվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, վարչապետի ֆոնդի միջոցներով։