Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_038A8885
A A
Պաշտոնական

«Ավելի հաճախ լսեք ինքներդ ձեզ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը:

Ավարտական հանդիսությանը ներկա են եղել նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, շրջանավարտների ծնողները:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով հաջողություններ և նպատակների հետևից գնալու հաստատակամություն:

«Ձեր կյանքի հաջորդ փուլերում հիշե՛ք այն բոլոր կարևոր արժեքներն ու դասերը, որ այս տարիների ընթացքում սովորեցրել են ձեր ուսուցիչները: Անկախ դժվարություններից, խոչընդոտներից ու սխալներից, որոնք լինելու են, չհուսահատվեք. առանց դրանց՝ չեն ծնվում հաջողություններն ու հաղթանակները: Ավելի հաճախ լսեք ինքներդ ձեզ՝ հասկանալու, թե ինչի եք ուզում հասնել»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և շրջանավարտներին մաղթել հաջողություններ առաջիկա ավարտական և ընդունելության քննությունների ժամանակ։

Շրջանավարտներին մաղթելով բարի երթ՝ նախարարն ընդգծել է, որ դպրոցի ամենամեծ նվաճումը նրանց հետագա հաջողություններն ու նվաճումներն են․ «Վստահ եմ՝ տարիներ հետո լսելու ենք ձեր հաջողությունների մասին»։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին ու դպրոցի բոլոր աշխատակիցներին՝ ընդգծելով, որ դպրոցը մի ամբողջություն է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր կարևոր առաքելությունը:

Շրջանավարտներին շնորհավորել են նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը։

Շրջանավարտներն իրենց կատարումներում հիշատակի խոսք են ուղղել Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների հիշատակին, շնորհակալություն հայտնել ուսուցիչներին և դպրոցին։

Նշենք, որ այս տարի Երևանի Վ․ Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցն ավարտում է շուրջ 40 աշակերտ՝ 2 դասարանով:

ՀՀ դպրոցներում 2022-2023 ուստարում հիմնական դպրոցն ավարտում է շուրջ 35.300, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։