Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չի եղել, Բաքվում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զինտեխնիկա էր ցուցադրվում (տեսանյութ)

Դժվար է կանխատեսել, թե գործընթացներն ինչպես կզարգանան, բայց փաստ է, որ Ադրբեջանը շեղվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից. նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մայիսի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` պատասխանելով լրագրողի` նախորդ օրը մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի մասին եւ ՌԴ նախագահը դրան կարծես չի արձագանքել` ի՞նչ է դա նշանակում հարցին:

Ըստ Տիգրան Աբրահամյանի` ՌԴ նախագահը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումներն Արցախի հարցով չեն փոխվել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո` Տիգրան Աբրահամյանը նշել է. «Ռուսաստանը պարտավոր էր կանխելու ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա` հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա: Ռուսաստանը ոչ միայն եռակողմ փաստաթղթի կողմ, այլ նաեւ մեր տարածաշրջանում ներկայացված խոշոր «խաղացող», այս մասով ունի իր պատասխանատվությունը»:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասել է, որ անցակետի տեղակայման հետեւանքով շատ ծանր իրավիճակ է ստեղծվել Արցախում:

Ըստ նրա` Ադրբեջանն իր անցակետի գոյությունն արձանագրում է արդեն որպես փաստ, փորձում է դա օգտագործել` բանակցային գործընթացում ճնշելու Հայաստանին, դա կօգտագործի նաեւ հետագա ժամանակահատվածում` անկախ նրանից, թե ով կլինի իշխանությունը: Բացի այդ, ադրբեջանական անցակետի տեղակայումը շատ ծանր իրավիճակ է ստեղծել Արցախի հայրենակիցների համար:

«Կողմերը պարտավոր են իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները: Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո փաստացի իրենց պարտավորությունն ամբողջությամբ իրականացրել են, որքան էլ դա ծանր է եղել Հայաստանի, Արցախի համար»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանն արձանագրել է, որ Ադրբեջանն իր պարտավորություններն այդպես էլ չի իրականացրել: Նա ընդգծել է նաեւ, որ միջանցքի փակման հետ կապված Ռուսաստանն ունի պարտականություններ, Ռուսաստանի գործողություններն այստեղ պետք է լինեն շատ ավելի հասցեական:

Հայաստանի եւ Ադրբեջանի անկլավների հանձնման վերաբերյալ հարցի առնչությամբ նշվել է, որ անկլավների հանձնումը վտանգավոր է եւ խոր խնդիրներ է պարունակում: Ըստ Տիգրան Աբրահամյանի` անկլավներն ունեն ռազմական նշանակություն:

Լրագրողի այն հարցին, թե վերջերս իշխանական պատգամավորներից մեկը հայտարարել է, որ իր ծառայության ժամանակ Հայաստանի ԶՈՒ զինանոցում չի եղել նույնիսկ 1970-80-ական թվականների զենք ու զինտեխնիկա` նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բանակը պատշաճ զինամթերք չի ունեցել, ինչպե՞ս կմեկնաբանեք դա` Տիգրան Աբրահամյանը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայոց բանակը զինված է եղել ժամանակակից տարատեսակ զինտեխնիկայով:

Այս մասին հայտնում են ԱԺ-ից։