Բացել լրահոսը Փակել լրահոսը
10070000-0aff-0242-40d1-08da5eb5bb0b_w1597_n_r1_st_s
A A
Հասարակություն

Pegasus լրտեսող ծրագրով թիրախավորել են հայաստանցի հասարակական գործիչների և լրագրողների. Amnesty International

 

Հայաստանյան առնվազն 12 հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրի թիրախում՝ հայտնել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Համատեղ հետաքննությունը պարզել է, որ նրանք լրտեսող ծրագրի թիրախում են հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ներառյալ՝ ղարաբաղյան պատերազմի շրջանում:

Թվային անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանն ու հետաքննությանը մասնակցած այլ կազմակերպություններ ենթադրում են, որ թիրախավորման պատճառ կարող էր լինել հակամարտությունը:

Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան հայտնաբերել է, որ ծրագիրը թիրախավորել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի («Ազատություն» ռադիոկայանի) հայկական ծառայության երկու լրագրողների՝ Կարլեն Ասլանյանին և Աստղիկ Բեդևյանին։ Լրտեսական ծրագրի զոհերից են Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը, ՄԱԿ-ի մի պաշտոնյա, Հայաստանի արտգործնախարարության նախկին խոսնակը և հայաստանյան քաղհասարակության յոթ ներկայացուցիչներ:

«Պատահական չէ, որ մեր հայկական ծառայության երկու թղթակիցները, որոնք հայտի են իրենց սուր հաղորդումներով, թիրախավորվել են Pegasus լրտեսող ծրագրով։ Նրանց մասնավոր կյանքի կոպիտ խախտումը վրդովեցուցիչ է և մեծ կասկածներ կան, որ պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության փոխանցմամբ, ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը։

«Այս հետաքննությունը ի ցույց է դնում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներին թիրախավորող լրտեսող ծրագրերի սպառնալիքների լրջությունը: Իշխանությունները պետք է դադարեցնեն խոսքի ազատությունը խեղդելու բոլոր ջանքերը և ձեռնարկեն անկախ ու թափանցիկ հետաքննություն՝ երկու երկրներում բացահայտված Pegasus-ի հարձակումների դեպքերի վերաբերյալ»,- ասել է Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի ղեկավարը:

Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպության, Pegasus-ը լայնորեն օգտագործվել է Ադրբեջանում՝ թիրախավորելու լրագրողների, քաղհասարակության ներկայացուցչների ու ընդդիամդիր քաղաքական գործիչների լայն շրջանակ: Pegasus

Project-ը բացահայտել է, որ ավելի քան հազար ադրբեջանական հեռախոսահամարներ են ընտրվել թիրախավորման համար: Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան հաստատել է, որ 2019-2021 թվականներին ադրբեջանական քաղհասարակության և լրատվական դաշտի առնվազն հինգ ներկայացուցչների սարքեր վարակված են եղել Pegasus-ով, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նախկին լրագրող Խադիջա Իսմայիլովայի հեռախոսը: