Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես կարող եմ ապացուցել, որ ես որեւէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել. Փաշինյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մայիսի 24-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք քննարկվում են ճանապարհների ապաշրջափակման ու Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կառուցման հարցերը, ՀՀ-ն ի՞նչ տնտեսական արդյունք կունենա դրանց գործարկումից, հնարավո՞ր է, որ այդ քննարկումը դադարեցվի ու հարցը խաղաղության պայմանագրում չներառվի:

«Ադրբեջանի՝ արեւմտյան շրջանների ու Նախիջեւանի միջեւ կոմունիկացիաների առանձին օրակարգ գոյություն չունի: Այդ հարցը տեղավորվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շրջանակում, որտեղ արձանագրված է, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել այդ հաղորդակցությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի՝ ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ ՀՀ-ն պարտավոր են բացել տարածաշրջանային կոմունիկացիաները, ու ՀՀ-ն պատրաստ է դա անել:

«Կա նոր ենթակառուցվածքների կառուցման գաղափար ու խնդիր: ՀՀ-ն այդպիսի ենթակառուցվածքներ կառուցելու պարտավորություն չունի, բայց կարող է դիտարկել այդ տարբերակը եւս: Մենք դրան կհամաձայնենք այն դեպքում, երբ տեսնենք՝ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության ու փոխշահավետության ֆոն է ստեղծում, ինչի շնորհիվ կհաղթահարենք շրջափակումը»,- ասել է երկրի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ ՀՀ հյուսիսային ու հարավային հատվածներն իրար կապող միակ երկաթուղին անցնում է Նախիջեւանի տարածքով, եւ այն գործարկելու խնդիրը եւս առկա է:

«Սուվերենության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա պատրաստ ենք Ադրբեջանի հետ վերագործարկել երկաթուղին: Քաղաքական մակարդակով այս պայմանավորվածությունը կար, երբ հերթը հասավ իրավական ձեւակերպումը տալուն ու ստորագրելուն, ես ասացի՝ ստորագրում եմ, Ադրբեջանը չստորագրեց: Հիմա նորից փորձում ենք լուծել այդ հարցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության՝ «միջանցքին» վերաբերող հայտարարություններին:

«Ես կարող եմ ապացուցել երդվյալ ատենակալների ֆորմատով՝ ես երբեք, երբեք ու որեւէ մեկին ՀՀ տարածքով միջանցք ո՛չ խոստացել եմ, ո՛չ էլ թույլ եմ տվել, որ որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ կարող եմ խոստանալ: Ես սա կարող եմ ապագաղտնիացնել ու ապացուցել, ինչին էլ առարկություն չի կարող լինել»,- ասել է ՀՀ վարչապետը:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում: