Մերոնք պարտվեցին
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մեդալ չնվաճեց:
Ամենաթեթեւ, 55 կգ քաշային կարգում, մեր ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը առաջին գոտեմարտում հաղթեց բուլղարացի Ռադոսլավ Վելիկովին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց բելառուսցի Վլադիսլավ Անդրեեւին:
66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը արդեն առաջին փուլում զիջեց ռուսաստանցի Ադամ Բատիրովին եւ դուրս մնաց պայքարից:
Հաջորդ` 84 կգ քաշային կարգում, Հապետնակ Կուրղինյանը լավ մեկնարկեց առաջնությունում եւ 1/16 եզրափակիչում հաղթեց բելառուսցի ըմբիշ Ալեքսեյ Իսաեւին: Ավաղ, նա երկրորդ գոտեմարտը տանուլ տվեց` զիջելով շվեյցարացի Մարկո Ռիսենին:
Հերթական անգամ չարդարացրեց սպասելիքները 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը: Նա սկզբում հաղթեց իսպանացի Խոսե Կուբա Վասկեսին, բայց հետո տանուլ տվեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին:
Մեր բոլոր ըմբիշներն էլ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները, քանի որ նրանց մարցակիցները նույնպես պարտություններ կրեցին, ուստի մերոնք իրավունք չստացան մասնակցելու անգամ սփոփիչ մրցամարտերին: