«Միկան» ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ
2011 թ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Երեւանի «Բանանցի» հետ:
Հանդիպումը բավական դիտարժան եւ գոլառատ ստացվեց: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «Բանանցի» նորեկ, բրազիլացի Բրունո Կորեան, իսկ 26-րդ րոպեին Վալտեր Պողոսյանը կրկնապատկեց այն: Դաշտի տերերը, չնայած, 39-րդ րոպեին մեկ պատասխան գոլ խփեցին (աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը), սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերի պաշտպան Արարատ Առաքելյանը երրորդ անգամ գրավեց «Միկայի» դարպասը` գոլերի տարբերությունը նորից հասցնելով երկուսի` 3:1:
Ընդմիջումից 7 րոպե անց «Միկայի» չինացի հարձակվող Ֆանժու Դոնգը նորից «թրջեց» հաշիվը: Այդ գոլից հետո «Բանանցը» հիմնականում պաշտպանվում էր, իսկ «Միկան»` գրոհում: Թվում էր, որ խաղն այդպես էլ կավարտվի, քանի որ դաշտի տերերին ոչ մի կերպ չէր հաջողվում ճեղքել մրցակցի հագեցած պաշտպանությունը: Սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստները մի պահ հապաղեցին, եւ «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը մոտ տարածությունից երրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: Այդպիսով, գրանցվեց գոլառատ եւ մարտական ոչ-ոքի` 3:3:
«Ցավալի է, որ մեզ չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, - խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկին, - Ավաղ, թիմը շարունակում է անկայուն խաղ ցուցադրել: Մենք հատկապես շատ անելիքներ ունենք պաշտպանության գիծն ուժեղացնելու ուղղությամբ: Համենայնդեպս, բավական դիտարժան խաղ ստացվեց»:
«Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը նույնպես նշեց, որ շատ հետաքրքիր խաղ ստացվեց: «Գավաթային հանդիպում է, ամեն ինչ էլ պատահում է: Ավաղ, առաջին խաղակեսում մենք թույլ խաղացինք պաշտպանությունում եւ անհարկի երեք գոլ բաց թողեցինք: Երկրորդ կեսում ամեն ինչ արեցինք խաղը փրկելու համար: Ուրախալին այն է, որ տղաները կամք դրսեւորեցին եւ հասան իրենց նպատակին»:
Այն հարցին, թե ընդմիջմանը ինչ է ասել խաղացողներին, Արմեն Շահգելդյանը պատասխանեց. «Առանձնապես ոչինչ էլ չասացի: Պարզապես օրինակ բերեցի երեկ կայացած Հոլանդիա - Հունգարիա խաղը, որի ժամանակ հոլանդացիները սկզբում պարտվում էին, բայց ի վերջո հաղթեցին 5:3 հաշվով»: