Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիկ Ադվոկատը չի հասկանում լրագրողներին

Սպորտ
61827bf9972da1963f62c6446c8024de

Ֆուտբոլի Ռուսաստանի ընտրանին հերթական խաղից հետո նոր գլխացավանք ստեղծեց թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի համար:

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը երեկ ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Քաթարի ազգային թիմի հետ` 1:1: Այդ արդյունքը զայրացրել է ռուսական լրատվամիջոցներին, որոնք կրկին խիստ քննադատել են հոլանդացի մասնագետին:

«Ես չեմ հասկանում, ինչում է խնդիրը,- տեղի հեռուստատեսությամբ հայտարարել է Դիկ Ադվոկատը, - Մենք 5 պաշտոնական խաղ ենք անցկացրել, որոնցից 4-ը մրցակիցների հարկի տակ: Դրանցում տարել ենք երեք հաղթանակ, մեկ խաղ ավարտել ոչ-ոքի, եւ միայն մեկում պարտվել: Մենք դեռեւս խմբի առաջատարներից մեկն ենք, սակայն լրագրողները շարունակում են քննադատել հավաքականին»:

Դիկ Ադվոկատը կարծում է, որ ազգային հավաքականի ներկայիս արդյունքների համար հավասարապես պատասխանատու են նաեւ ֆուտբոլային ակումբները:

«Ես չեմ ժխտում, որ թիմի խաղում «լճացում» է նկատվում, սակայն չպետք է մոռանալ, որ հավաքականի խաղացողների մարզավիճակի համար պատասխանատու են նրանց ակումբները: Օրինակ, «Զենիթում» աշխատելիս ես ավելի շատ հնարավորություններ ունեի ազդելու ընդհանուր թիմի, ինչպես նաեւ յուրաքանչյուր խաղացողի վրա, քան հավաքականում է»,-ասել է նա:

Հոլանդացի մասնագետը վերջում նշել է, որ եվրոպական բոլոր հավաքականները իրենց հանդիպումներին սկսել են պատրաստվել 5 օր առաջ, իսկ Ռուսաստանի ընտրանին Հայաստանի հետ խաղին սկսել է նախապատրաստվել ընդամենը 3 օր առաջ: