Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureօ
A A
Հասարակություն

Այսօր Քրիստոսի համբարձման օրն է

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման օրը: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության՝ Զատկի 40-րդ օրը:

Հարությունից հետո, ըստ Ավետարանների, Քրիստոսը 40 օր մնացել է երկրի վրա, իրական և հոգեղեն մարմնով երևացել Իր աշակերտներին, ուսացանել, օրհնել ու պատգամներ տվել նրանց: 40-րդ օրը Նա առաքյալների աչքի առաջ, Իր նյութեղեն մարմնով համբարձվել է երկինք: 

Քրիստոսի Համբարձման տոնը հայ քրիստոնյաները նշել են ժողովրդական հանդիսություններով՝ «Ջան գյուլում»-ի արարողություններով (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվել, ավանդույթը պահպանվել է Էջմիածնում և հարակից գյուղերում:

Նախապես կատարվում է ծաղկահավաք, բազմագույն ծաղիկները դրվում են աղբյուրի ջրով լցված ամանի մեջ, ուր և աղջիկները դնում են «վիճակի առարկաներ»՝ իրենց պատկանող փոքրիկ իրեր:

Հարսներն ու աղջիկները միասին գնում են բնության գրկում՝ դաշտում կամ այգում զբոսնելու-ուրախանալու: Ուտում-խմում-երգում են, իսկ հետո սկսվում է վիճակահանությունը: Երեսը քողով ծածկած մի փոքրիկ աղջկա նստեցնում են խմբի մեջտեղում, վիճակի ամանի մոտ, երգում են ավանդական քառատողեր, իսկ աղջնակը ամեն քառատողից հետո մի իր է հանում ծաղիկներով ու ջրով լի ամանից: Ում որ պատկանում է առարկան, համարվում է, որ նրա մասին էր երգված քառատողը՝ վատ կամ լավ կանխատեսումներով: Հարյուրավոր «վիճակի երգեր» են պահպանվել՝ բոլորն էլ աղջիկների ապագայի գուշակություններով, խրատներով, բարեմաղթանքներով:

Համբարձման ավանդույթները՝ մասնավորապես «Ջան գյուլում»-ի վիճակահանությունը, որոշակի նմանություն ունի Արայի պաշտամունքին, երբ գովերգվում էին գարունը, ծաղիկները, կանաչը և ապագայի գուշակություններ էին արվում: Հայաստանում Համբարձման տոնին սովորություն է եղել գնալ Ծաղկավանք՝ «Ջան գյուլում»-ի տոնակատարության համար: Ծաղկավանքը կառուցվել է Քասաղ գետի ափին գտնվող Արայի լեռան վրա, ուր, ըստ ավանդության նաև Վարվառե կույսի գերեզմանն էր: Այս սրբուհու անունը ևս կապված է Համբարձման տոնի հետ:

Համբարձման օրվա տոնակատարությունների մեկնարկի օրը՝ չորեքշաբթին, կոչվել է «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, ով, փախչելով կռապաշտ հորից, ապաստանել է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդել է աղջկան, գտել նրան և սպանել: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրել է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվել են այդ հիվանդություններից: Նրա ապաստանած քարանձավն ուխտատեղի է դարձել: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ասում են՝ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են: