Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 20-ը մայիսի. ՀՀ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանն իր հայտնի հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց (տեսանյութ)

1990-ի մայիսի 20-ին Սովետական Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանի այլընտրանքային ընտրություններ, որոնցում կոմկուսը պարտվեց։ Այդ պահից Հայաստանը փաստացի բռնեց անկախացման ուղին։

«Էն վաղ էր, որ էշը կաղ էր»,- հայտարարում էր Հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը 1998-ի այս օրը։ Նա կասկած չուներ, որ բոլոր աղմկահարույց սպանությունները շուտով բացահայտվելու են։ Հենրիկ Խաչատրյանն այս հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց իր աշխատասենյակում։

1999-ի մայիսի 20-ին տեղի ունեցավ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր ժողովը։ Կենտրոնի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը։ «Մեկ տարվա ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը նվազել է 6-8 անգամ»,- 1999-ի այս օրը բարձրաձայնում էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նրա անցկացրած ուսումնասիրությունը փաստում էր, որ ամենաբարձր վարկանիշ տվյալ պահին ուներ Կարեն Դեմիրճյանը, որին հաջորդում էին Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը։

Նույն այս օրը Հրանտ Բագրատյանն իբրեւ տնտեսության վերականգնման միակ ճանապարհ առաջարկում էր իր հիմնած «Ազատություն» կուսակցության ծրագիրը՝ ընդգծելով, թե վերջին 3 տարում, ինչ ինքն այլեւս վարչապետ չէ, մեր երկրի տնտեսությունն ամբողջությամբ աղճատվել է։

Կենտրոնական բանկի նախագահը 2001-ի մայիսի 20-ին հավաստիացնում էր, որ բանկային համակարգի զարգացման կարեւորագույն մի փուլ ավարտին կհասցվի 2005-ին։

2001-ի այս օրը կառավարության շենքի մոտ հավաքված էջմիածինցիները պահանջում էին իրենց քաղաքապետ Երվանդ Աղվանյանի հրաժարականը։ Նույն պահին էջմիածինցիների մեկ այլ խումբ էլ ի պաշտպանություն քաղաքապետի էր հանրահավաք անցկացնում։

Սամվել Նիկոյանը հրաժարվում էր մեկնաբանել մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների զեկույցն այն մասին, որ բանակն անմիջական մասնակցություն է ունեցել դեպքերին։ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հիմնավորում էր, որ համակարգում կադրային հաճախակի փոփոխություններն անհրաժեշտություն են; Շատ երկար չպաշտոնավարեց նաեւ Ալիկ Սարգսյանը. իր տեսությունն, այսպիսով, իր նկատմամբ եւս աշխատեց։ Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրապետության իշխանությունների անփառունակ վախճանն էր կանխագուշակում։