Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մարցի որոշ թաղամասեր գազիֆիկացված չեն (տեսանյութ)

Թումանյան համայնքի Մարց բնակավայրը տարիներ առաջ է գազաֆիկացվել, բայց գյուղի որոշ թաղամասեր կապույտ վառելիք չունեն, քանի որ մայր գազատարը որոշ թաղամասերից շատ հեռու է։ Մարցի երկրորդ փողոցի բնակիչ Կամո Աղաջանյանն ասում է՝ իրենց տնից գազատարը մոտ 400 մետր է հեռու։ Գազը տուն հասցնելու համար մեծ ծախսեր պիտի անի։ Ինքն էլ դրա հնարավորությունը չունի։

«5-6 տուն մեր էս երկրորդ փողոցում գազաֆիկացված չի՝ չհաշված ծայրամասերում կան տներ, նույն վիճակն է։ Գիծը հեռու է, ֆինանսական պատճառներով մարդիկ չեն կարում օգտվեն գազից», – ասում է Մարցի բնակիչ Կամո Աղաջանյանը։

 

Կամո Աղաջանյանը

Այս թաղամասերում մարդիկ բալոններով են գազ օգտագործում, որի լիցքավորման համար ծախս են անում, պարբերաբար քաղաք գնում։

Բայց սրանով հարցը չի լուծվում։ Մշտական գազի բացակայությունը կենցաղում շատ խնդիրներ է առաջացնում, ասում են բնակիչները։ Ստիպված ամռան ամիսներին էլ են փայտ վառում՝ ճաշ պատրաստելու, ջուր տաքացնելու և այլ կենցաղային հարցեր լուծելու համար։ Իսկ, ինչպես հայտնի է,փայտի ձեռքբերումն էլ հեշտ չէ:

«Մարդիկ կան, քաղաք են ապրում, բայց ամառները գալիս են, վատ կլի՞, որ գազ ունենան։ Բոլորն էլ կքաշեն, եթե էդ 200 մետրը բերեն, մոտիկացնեն։ Էդ 200 մետրն ահավոր թվեր ա, ամբողջ թաղով էլ հավաքվենք, անհնարին բան ա», – ասում է գյուղացիներից մեկը։

Թումանյան համայքնի ղեկավար  Սուրեն Թումանյան ասաց, որ խնդրի լուրծում տարբերակներ են քննարկվում, հավանաբար  արդեն հաջորդ տարի Մարցն ամբողջությամբ գազաֆիկացված կլինի:

«Մի հատ ընդհանուր մոնիտորինգ կանենք, կհասկանանք՝ ինչքան տեղ է, ինչքանն է մեր հնարավորությունը ներում, որ կարենանք կազմակերպենք։ Վստահ եմ՝ քիչ-քիչ առաջ կգնանք, որովհետև էստեղ արդեն տուրիստական մեծ հոսք ա սպասվում, անհրաժեշտություն ա», – հեռախոսով փոխանցեց Թումանյան համայնքի ղեկավար  Սուրեն Թումանյանը։

Իսկ թե քանի տնտեսություն դեռևս գազաֆիկացված չէ, Սուրեն Թումանյանը դժվարացավ պատասխանել։ Ասաց՝ դեռ չեն ուսումնասիրել։

 

Տեսանյութը՝ Անկյուն +3 ՀԸ