Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 30-ը ապրիլի. հայկական ուժերը կորցրեցին Գետաշենն ու Մարտունաշենը (տեսանյութ)

1991-ի ապրիլի 30-ին հայկական ուժերը կորցրեցին Գետաշենն ու Մարտունաշենը։ Այդ լուրը հնչեց Երեւանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում։ Մարդիկ արտասվում էին։ Պատմում էին, որ մարտերն անհավասար էին, քանի որ հայկական զինված ուժերի դեմ կռվում էին խորհրդային հզոր ռազմական ստորաբաժանումները։

1992-ի ապրիլի 30-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով անդրադառնում է ադրբեջանցիների տարածած այն լուրերին, թե հայերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության դեմ։Հայկական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահը նկատում է, որ վերջին օրերին հենց Նախիջեւանի տարածքից էին կրակում հայկական բնակավայրերի վրա, մենք նույնիսկ երեք սահմանային գյուղ ենք էվակուացրել։

Գերագույն Խորհուրդը 1995-ի ապրիլի 30-ին արտահերթ նիստ է հրավիրում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Նիստում քննարկվում է Սահմանադրության նոր նախագիծը, որի հանրաքվեին մնացել է երկու ամսից մի քիչ ավել ժամանակ։ ՀՀՇ-ն եւ նրան սատարող ուժերը միանգամայն բավարարված են շրջանառության մեջ դրված նախագծով։ Ընդդիմության համար նախագիծն անընդունելի է, որքանով այն կհանգեցնի նախագահական բռնապետության։ Նախագծի հեղինակ Վլադիմիր Նազարյանը նկատում է, որ այն ամենեւին էլ միայն նախագահական կամ միայն խորհրդարանական չէ, քանի որ խորհրդարանը 50 գումարած մեկ ձայնով կարող է մերժել նախագահի առաջարկած վարչապետի թեկնածությունը, իսկ նախագահն էլ կարող է ցրել խորհրդարանը քաղաքական ճգնաժամի դեպքում։

1997-ի ապրիլի 30-ին սոցապ նախարար Հրանուշ Հակոբյանը թոշակառու ուսուցիչներին տեղեկացնում է՝ «Փարոս» համակարգից կզրկվեն նրանք, ովքեր կգնեն ավտոմեքենա կամ բնակարան։ Այս կինը ամոթանք տվեց նաեւ ունեւոր թոշակառուներին, որոնք «Փարոս» համակարգի մեջ են, ինքը համակարգը մաքրելու է նրանցից։

2000 թվականի ապրիլի 30-ին երիտասարդ դաշնակցականներին չհաջողվեց տապալել Երեւանի եւ Անկարայի համալսարանների միջեւ կնքվելիք համաձայնագրերի ստորագրումը։ Նրանց սակայն հաջողվեց ԵՊՀ-ի հենց դիմացն այրել Թուրքիայի պետական դրոշը, որը դաշնակցականներից մեկի խոստովանությամբ, կուսակցության սուղ միջոցներից ձեռք է բերվել հենց այս օրը վառելու համար։ Ազատության հրապարակի վրա նույն օրը գրոհել են ծեր գյուղացիները։ Եղվարդի եւ Արարատի մարզից այստեղ հավաքվածներն իշխանություններից պահանջում են չթանկացնել ոռոգման ջուրը 60 տոկոսով։ Երեւանի Նաիրիտի սարքավորումներն սկսել են հետաքրքրել չինացիներին։ 7 հոգուց բաղկացած չինական մի պատվիրակություն ապրիլի 30-ի նախորդ օրն էր մեկնել այդպես էլ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյան չստանալով հազվադեպ հանդիպող մի քանի սարքավորման վաճառքը։ Չինաստանը նույնպես ունի կաուչուկի արտադրություն, իսկ իր հզորությունների 15 տոկոսի չափով աշխատող Նաիրիտի ավելի քան երեք հազար երեք հարյուր բանվորները մի քանի օր առաջ էին ստացել 98 թվականի դեկտեմբերի աշխատավարձը։ Կառավարությունն Ազգային Ժողովին առաջարկում է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացած 29 միլիոն դոլարից 20 միլիոնը տրամադրել Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական վարկի սպասարկմանը։ Ավելի վաղ մեր ռազմավարական գործընկերը հրաժարվել էին մեր այն առաջարկից, որ վարկը մարվի Հրազդան ՊՇԵԿ-ի հիմքի վրա համատեղ ձեռնարկության ստեղծումով, որտեղ ներդրումի փոխարեն մեզ կզիջվեր վարկը։

2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին մեղադրում է ընտրություններին միասնական ընդդիմությամբ հանդես գալը ձախողելու մեջ։ «Երբ ասում ես` տղերք, եկեք միավորվենք, գրենք միասնական համամասնական ցուցակ, Գեղամյանն ասում է` չէ, միասինը լավ չէ: Ինչի՞ համար... Որովհետեւ 5 տոկոսի խնդիր է լուծում, որովհետեւ 5 տոկոսի խնդիր լուծելով` ստրասբունգներում գնա ելույթ ունենա։ Եթե դուք ձեր մեջ առաջին-երկրորդի խնդիր ունեք, Ստեփան Դեմիրճյան եւ Արտաշես Գեղամյան, գիր-ղուշ գցեք իրար մեջ»,-Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասում է Արամ Սարգսյանը։