Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՆԳ նախարարի հրավերով Մոսկվայում էր (տեսանյութ)

Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա մեկնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային ծառայության կազմավորման ընթացքին, Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորման խնդիրներին, Ոստիկանության զորքերը Ազգային գվարդիայի վերակազմավորելու առանձնահատկություններին և այլն: Նախարարն ընդգծեց ՌԴ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համագործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը մի շարք ոլորտներում, ինչը պայմանավորված է նորագույն մարտահրավերների առկայությամբ: Մասնավորապես, անդրադարձ եղավ կիբերհանցավորության աճի միտումներին՝ ընդգծելով, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, թարմացնել պատասխանատուների ցանկերը, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը: Վահե Ղազարյանը կարևորեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև: Հանդիպման ընթացքում քննության առարկա դարձան միգրացիայի, մասնագիտական կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրեց Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար: Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում ունեցավ նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի Կոորդինացիոն բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովի հետ: Քննարկվեցին 2023 թ. սեպտեմբերին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: