Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Զոհված 15 զինծառայողների գործով զարգացումներին նվիրված ասուլիս․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 10-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խորը հակասության մեջ։ Ինչպես տեղեկացնում է Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների հետևությունների համաձայն՝ զինծառայողների մահը վրա է հասել ածխածնի մոնօքսիդից/շմոլ գազ և այրվածքային շոկից։ Եզրակացություններով ամրագրված է, որ ջերմային այրվածքները առաջացել են կենդանության պահին (սա հատկապես ցանկանում եմ շեշտել և ձեր ուշադրությանը հրավիրել) և կենդանության պահին բարձ ջերմային գործոնի բոցի ներգործության հետևանքվ, և նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով/շմոլ գազից թունավորումն առաջացրել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։ Հարկ եմ համարում հատկապես նշել, որ ստացված եզրակացություններով զոհված 10 զինծառայողների մոտ թմրանյութ և հոգեմետ դեղեր չեն հայտնաբերվել։

Ստացված եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ, տուժող կողմի խորը հավաստմամբ, գտնվում են խիստ հակասության մեջ և միաժամանակ ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ»,- ընդգծեց Նորիկյանը։

Փաստաբանը հարկ է համարում ստանալ հետևյալ հարցերի պատասխանը․ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպե՞ս է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազով, եթե գտնվել են այդ տարածքում։

«Ավելին, եթե պաշտոնական վարկածով պնդում է արվում, որ հրդեհը բռնկվել է բենզինի առաջացած բոցից, հարց է առաջանում ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, շմոլ գազը երբվանից է առաջացել, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ միջոցների կիրառման հետևանքով և հրդեհից առաջ ի՞նչ իրավիճակ է տիրել այդ տարածքում։

Ավելին, եթե եզրակացությամբ պնդում է արվում, որ զինծառայողները ջերմային այրվածքները ստացել են կենդանության պահին, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներ ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու և գտնվել են իրենց մահճակալի վրա»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս պայմաններում տուժող կողմը չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության հնարավորությունը՝ միաժամանակ սպասելով նշանակված հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննությունների եզրակացությանը։

«Այս եզրակացությունները ստանալուց հետո համադրելով, վերլուծելով, մնացած մյուս ապացույցների հետ՝ տուժող կողմը հանդես կգա դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հարցի քննարկման մասին իր դիրքորոշմամբ»,- եզրափակեց Նորիկյանը։

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։