Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» չկարողացավ հաղթել

Սպորտ
4a18cea4fa7a5fcab02969beae743126

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության միանձնյա առաջատար Երեւանի «Փյունիկը» 2-րդ տուրում առաջին միավորները կորցրեց` սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով Կապանի «Գանձասարի» հետ` 1:1:

Խաղի հաշիվը 40-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց դաշտի տերերի բրազիլացի հարձակվող Մարկոս Պիզելին: Սակայն հանրապետության չեմպիոնին չհաջողվեց պահպանել առավելությունը եւ տոնել երկրորդ անընդմեջ հաղթանակը. 79-րդ րոպեին կապանցիները դասական հակագրոհ ձեռնարկեցին, եւ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Արթուր Քոչարյանը հուժկու հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:

«Հանդիպման հաշիվը լիովին համապատասխանում է խաղի ընթացքին: Այսպիսի ֆուտբոլով «Փյունիկը» չէր կարող հաղթանակ տանել: Ես սպասում էի, որ հանդիպումը ծանր կլինի մեր համար, որովհետեւ խաղից առաջ մենք ուրիշ մարզումներ էինք անցկացրել» - հանդիպումից հետո մեկնաբանեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով հանդիպումը հիմնականում անցավ հավասար պայքարում: «Խաղից առաջ մենք կադրային խնդիրներ ունեցանք, քանի որ տարբեր պատճառներով զրկվեցինք հիմնական կազմի 4 խաղացողներից: Մենք գոլ խփելու եւս երկու 100 տոկոսանոց պահեր ունեինք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Պատճառը, հավանաբար, կապված է ֆուտբոլիստների հոգեբանության հետ»:

Առաջնությունում անդրանիկ հաղթանակները տոնեցին Երեւանի «Ուլիսը», «Միկան» եւ Գյումրիի «Շիրակը»:

Ուլիսցիները հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարան հանրապետության փոխչեմպիոն Երեւանի «Բանանցի» նկատմամբ` 3:1: «Միկան» մրցակցի հարկի տակ պարտության մատնեց մրցաշարի նորեկ Երեւանի «Արարատին»` 3:0: Նշենք, որ երրորդ գոլն այդ խաղում խփեց «Միկայի» նորեկ, չինացի ֆուտբոլիստ Դոնգ Ֆանժուն: «Շիրակը» Իջեւանում 2:1 հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»:

Երկու տուրից հետո առաջնությունում հաստատվել է եռիշխանություն. 4-ական միավոր են վաստակել «Շիրակը», «Միկան» եւ «Փյունիկը»: Տեսականորեն մրցաշարի առաջատարը «Ուլիսն» է, որը դեռեւս միավոր չի կորցրել, բացի այդ մեկ խաղ քիչ է անցկացրել: