Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ինձ եւ Անահիտ Ավանեսյանին կանչեին հարցաքննության, այս մեղադրանքն առոչինչ կլիներ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում այս մեղադրանքը առ ոչինչ կդառնար. Արսեն Թորոսյանը՝ իրեն հարցաքննության չկանչելու մասին:

ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին այն մասին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

«Հերքում եմ ամբողջովին այս տեղեկությունը և երբևէ որևէ պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար։ Մանդատս չեմ պատրաստվում վայր դնել, դրա համար որևէ հիմք չկա»,- ասաց նա։

Անդրադառնալով իր նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանի կողմից քովիդի գործով չարաշահումների դեպքին՝ Թորոսյանը ասաց, որ տեղի ունեցողը իր հետ որևէ կապ չունի։

«Ես իմ երկու հաղորդագրություններում հստակ կետերով նշել եմ պրոբլեմների վերաբերյալ և հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք զբաղվում են այդ պրոբլեմներով, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և ի վերջ արդարադատությունը կհաղթի։ Նորից եմ կրկնում՝ այն մեղադրանքները, որոնք գրված են եղել տեքստի մեջ, որևէ կերպ չէին կարող առնչվել դուրսգրման տրիաժ խմբերի ղեկավարին և որևէ փոխնախարարի, որովհետև նման վերահսկողական գործառույթ նրանք չեն ունեցել ու չէին կարող ունենալ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ-որ հատուկ հանցավոր խումբ չէր աշխատում, ինչ այս մասով ինձ փաստեր հայտնի չեն; Այդ բոլոր հարցերը պետք է պատասխան ստանան, թե չէ կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել՝ անկախ նրանից՝ նա դա պետք է աներ, թե՝ ոչ։ Ինձ չեն կանչել հարցաքննության, սա իմ բարձրացրած հարցերից ամենակարևորն է, որովհետև ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում այս մեղադրանքը առոչինչ կդառնար, չնայած, որ արդեն առոչինչ է։ Ամենաառաջին օրվանից պատրաստ եմ եղել հարցաքննության, հենց հիմա էլ պատրաստ եմ, նույնիսկ հրապարակումից հետո էլ էլի չեն կանչել»,- ասաց պատգամավորը։

Արսեն Թորոսյանը ասաց, որ ամբողջությամբ կասկածի տակ է դնում Հաշվեքննիչ պալատի հայտարարությունը։