Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մարիամ Զուրաբյանի «ազատության վանդակները» (տեսանյութ)

Վանդակներ ու ցանցաձև նյութեր, որ խորհրդանշում են ազատության խոչընդոտող սահմանափակումներն ու կյանքի միապաղաղությունը, սոցիալական ցանցերից մեր ունեցած կախվածությունն ու ազատության պատրանքը։ Հիշեցնում են արևի ու լույսի գոյության մասին, բայց և ընդունում այսօրվա անորոշ ու մշուշոտ ապագան ու անորոշության մեջ ազատության ձգտումը։

LATITUDE ART SPACE մշակութային կենտրոնում բացվել է նկարիչ, դիզայներ Մարիամ Զուրաբյանի «Ցանցապատ արև» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ներկայացված են «Ազատության վանդակներ» հավաքածուի 16 նկարները։

«Ցանցապատ արևը», Մարիամի բնորոշմամբ, բնութագրում է մարդու էներգիան, որը ցանցապատված է վիրտուալ աշխարհով։

Մարիամն, իր իսկ խոսքով, սիրում է նկարել ազատ ոճով։ Ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ յուրաքանչյուր մի բան։ Համարձակ է ու կանոնները չեն սահմանափակում միտքը։ Միակ կանոնն ու չափանիշը զգացածի արտացոլումն է կտավի վրա։ Վստահ է, որ միայն այսպես է հնարավոր ստեղծել նոր մի բան արվեստում։

«Ցանցապատ արևը» վիրտու–ռեալ ցուցահանդես–վաճառքի առաջին փորձն է Հայաստանում։

«Աշխարհում արդեն մեծ տարածում են գտել նկարների վիրտուալ ցուցադրությունները՝ ստատիկ կամ անիմացիոն։ Սա հնարավորություն է նկարչի համար օգտվել արդի տեխնոլոգիական հնարավորություններից, ես էլ մտածեցի ինչու չօգտվել այս հնարավորությունից, ինչու իմ գործերը ավելի հասանելի չդարձնել մարդկանց»,– ասում է Մարիամը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի իննը։