Տոմսերը վաճառքում են
Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան ընտրական հանդիպման տոմսերը չնայած նախատեսված ժամկետից երեք օր առաջ են վաճառքի հանվել (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով դրանք պետք է վաճառվեին մարտի 10-ից), սակայն դեռ չեն սպառվել:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում, վաճառքում մնացել է մոտ 2000 տոմս: «Արեւմտյան եւ արեւելյան տրիբունաների բոլոր տոմսերն արդեն սպառվել են: Վաճառքում մնացել են միայն 3000 դրամանոց` հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսերը» - ասացին «Ա1+»-ին:
Նշենք, որ տոմս ձեռք բերելու համար ֆուտբոլասերները պետք է պարտադիր ներկայացնեն անձնագիր, քանի որ դրանք պատճենահանվում են, եւ մեկ օրինակը մնում է մարզադաշտի տնօրինությունում:
Մեր այն հարցին, արդյոք արտասահմանյան անձնագրով կարելի է տոմս գնել, տոմսարկղի ղեկավարն նշեց. «Այո, կարող են, բացի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ երկրի երկրպագուներին արդեն տրամադրել է համապատասխան քանակի տոմսեր»:
Ի դեպ, մարզադաշտի տնօրինությունը տոմսեր ձեռք բերողներին զգուշացնում է, որ դրանք մրցակից թիմի երկրպագուներին վերավաճառելը արգելում է, քանի որ ռուսաստանցի երկրպագուներին այդ տոմսերով թույլ չեն տալու մտնել մարզադաշտ: