Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Բայց մենք երախտամոռ ենք․ ոչ միայն թանգարանը Արամյանցի անունով չենք կոչել, անգամ մի հուշատախտակ չենք փակցրել․Լոռենց

Հրատարակվել է պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի «Միքայել Արամյանց» փաստագրական գիրքը։ Սա մեծանուն հայի մասին գրքի երրորդ լրացված վերահրատարակությունն է։

«Այս տարի լրանում է Արամյանցի ծննդյան 180 և Ախթալայում նրա դղյակի կառուցման 120–ամյակը և Ալավերդու համայնքապետարանն ու դղյակի այսօրյա սեփականատերը պատրաստում են միջոցառումներ անցկացնել։ Ես էլ որոշեցի վերահրատարակել գիրքը, որովհետև նախորդ երկու հրատարակությունները արագ սպառվեցին, իսկ հետաքրքրությունը Արամյանցի կյանքի ու գործունեության մասին գնալով մեծանում է։ Ի դեպ,  նպաստում է նաև այն հանգամանքը, որ շատ տուրիստական գործակալություններ ներառում են իրենց ներգնա տուրերում Արամյանցի Ախթալայի դղյակը և այս տուրերի շնորհիվ նաև մեր հայրենակիցները տեղեկանում են  Արամյանցի վերաբերյալ շատ մանրամասների»,– ասաց  հեղինակը շնորհանդեսին։

Վահե Լոռենցը ծնունդով Ախթալայից է։ Պատմում է, որ 1980-ականներին Արամյանցի դղյակում առողջարան էր գործում։ Այնտեղ նաև լողավազան կար ու ինքը հաճախ էր գնում լողանալու։

«Այնտեղ էլ լսեցի, որ դղյակը մի մեծահարուստ հայի է պատկանել, սակայն, թե ով էր Արամյանցը, առանձնապես տեղեկություն չկար։ Տարիներ անց որոշեցի գոնե ինձ համար բացահայտել ու իմ բացահայտումները դարձան գիրք։

Ես այցելեցի Արցախ, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղ, Արամյանցի ծննդավայրը, գտա եղբոր ժառանգներին, եղա հայրական տանը, որը պահպանված է, սակայն այսօր գյուղը դատարկված է։ Թբիլիսիում պատահաբար հանդիպեցի  Արամյանցի թոռների դայակին՝ Մայային, որից ձեռք բերեցի մեծանուն հայի դստեր՝ Ֆլորայի օրագիրը»։

Սակայն ամենակարևոր հանդիպումը, Լոռենցի խոսքով, թերևս Արամյանցի ծոռ, լոնդոնաբնակ գործարար Ալեքսանդր Ջանոևի հետ հանդիպումն էր ու նրա հետ շրջագայությունը Արցախ, Թբիլիսի ու Ախթալայի դղյակ։

«Ջանոևը, ով Արամյանցի դստեր՝ Աննայի թոռն էր, երկար տարիներ կարծել է, որ վրացի է, քանի որ մայրն ու տատը միշտ ասել են, որ իրենք Թիֆլիսից են, ու շատ պատահական, դիտելով վավերագրական մի ֆիլմ Արամյանցի մասին, նաև  թարգմանելով ու կարդալով գիրքը, բացահայտել է իր ով լինելը։ Ալեքսանդրը միակ ժառանգն է, ում հաջողվեց գտնել»,– մանրամասնեց հեղինակը։

Լոռենցի առաջին գիրքը լույս տեսավ 2011-ին, նրան հաջորդեց Միքայել Արամյանցի 170–ամյակին նվիրված գիրքը։

«Ուսումնասիրելով ու հասկանալով, թե ինչ մեծանուն հայի անվան հետ եմ առնչվել, հասկացել եմ  նաև, որ մենք ու հաջորդ մեր սերունդները պարտական ենք Արամյանցին։ Նա ուղղակի սովորական գործարար ու բարեգործ չէր։ Այսօր, ցավոք բարեգործությունը ասոցացվում է եկեղեցաշինության հետ։ Իսկ հարյուր տարի առաջ բարեգործությունը հանրային, հասարակական բնույթ ուներ»,– ընդգծում է Վահե Լոռենցը, թվարկում Արամյանցի ամենանշանակալի բարեգործություններն ու ցավով նշում, որ այսօր այդ ամենի մասին քիչ է խոսվում ու հիշվում։

«Արամյանցը Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրն էր Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը: Նա հովանավորել է «Հայկական  ազգագրական ընկերության», մասնավորապես՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիի պեղումները: Եվ հենց դրանց հիման վրա էլ հիմնադրվեց Հայաստանի պատմության թանգարանը:

«Բայց մենք երախտամոռ ենք։ Ոչ միայն թանգարանը Արամյանցի անունով չենք կոչել, անգամ մի հուշատախտակ չենք փակցրել։ Հետո ասում ենք նոր սերունդը իր պատմությունը չգիտի։ Մենք նեղանում ենք վրացիներից, թե ինչու են ուրանում Արամյանցի ժառանգությունը։ Մենք ինքներս չենք պահում մեր պատմությունը, էլ ինչ նեղանանք վրացուց, ադրբեջանցուց ու թուրքից»,- շարունակում է նա։

Բորչալուի շրջանում իր մրգատու այգիների մոտ Արամյանցը բնակելի ավան է  կառուցում Արևմտյան Հայաստանի գաղթականների համար, որն, ի նշան երախտագիտության, գյուղի բնակիչները կոչում են Արամաշեն։ Կոլեկտիվացման տարիներին գյուղը հայաթափվում է և հիմա այստեղ ադրբեջանցիներ ու հույներ են բնակվում։

Թիֆլիսում Արամյանցը կառուցում է հիվանդանոց ու Եվրոպայից բերում Կովկասում առաջին ռենտգեն սարքավորումը և, չնայած խորհրդային տարիներին այն վերանվանվում է Համար մեկ կլինիկայի, թբիլիսցիները երկար տարիներ շարունակում են անվանել «Արամյանցի հիվանդանոց»։

«Իսկ այսօր ասում են, որ Արամյանցը մի պապիկ էր, որ հիվանդանոցի մոտ արևածաղիկ էր վաճառում։ Այսօր չեն հիշատակում նաև որ Թբիլիսիի «Թբիլիսի -Մարիոտի» շենքը, Արամյանցի կառուցած «Մաժեստիկ» հյուրանոցն էր, որը 1915–ին Փարիզում պարգևատրվել էր Գրան Պրի մրցանակով ու Ոսկե մեդալով՝ որպես եվրոպական լավագույն հյուրանոց,– ցավով նշում է Լոռենցը։–Այսօր մեղադրում են ասելով, որ մեր գործարարները Թիֆլիսը կառուցեցին, փոխարեն Երևանը կառուցեին։ Ես համարում եմ, որ սա անհիմն մեղադրանքներ են։ Այդ ժամանակ մենք չունեինք պետություն, ազգային, պետական սահմաններ չունեինք։ Տասներկու հազար բնակչություն ունեցող Երևանում ապրում էին մեծ թվով այլազգիներ, մինչդեռ Թիֆլիսում կենտրոնացված էր հայ քաղաքական, մշակութային սերունդը։ Այն ժամանակ չկար Հայաստանի՝ որպես պետության ընկալումը»։

Ինչ վերաբերում է Արամյանցի Ախթալայի դղյակին, ապա ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ այն ընդգրկվել է պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Վահե Լոռենցը հույսը չի կորցնում, որ այն մի օր կդառնա հայոց կապիտալի պատմության թանգարան։