Բացել լրահոսը Փակել լրահոսը
253599
A A
Հասարակություն

Մուտքը ժպիտով և ժետոնով․ մետրոյի «Երիտասարդական» կայարանում մանսուրյանական ցուցահանդես է բացվել

Արվեստը մետրոյում նախագծի շրջանակներում ներկայացվել է«ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ իրականացված լուսանկարների ցուցահանդես։ Այս մասին տեղեկացնում է «Երևանի մետրոպոլիտեն»-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

Մետրոյի «Երիտասարդական» կայարանում ներկայացված են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի` որպես հայ մշակույթի, լեզվի, գրականության աշխարհին հասանելի պահպանման հարթակ և մշակութային հաստատուն արժեք ներկայացնող «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի ընթացքում արված նկարները։

Գրառման մեջ նաև ասված է․

«Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրի ներքո համերգ, որին ներկայացվեց երկու պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:

Մանսուրյանական մրցույթը ոչ միայն կարևորում է երաժշտությունը, այլ նաև հատուկ շեշտադրում է հայ խոսքն ու գրականությունը, քանի որ յուրաքանչյուր նոր ստեղծվող գործ պետք է հիմնված լինի հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի վրա, ինչը թույլ է տալիս վերհանել դարավոր հայ գրական ժառանգությունը, հանրահռչակել արդի պոեզիան, հայ գիրն ու խոսքը լսելի դարձնել ամբողջ աշխարհին:

Ցուցահանդեսը ներկայացված կլինի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում մինչև ս․թ․ փետրվարի 25-ը։

Մուտքը ժպիտով է և ժետոնով»։